Բաժիններ՝

2020-2022թթ․ ընթացքում բացահայտվել է հանցագործություններով պետությանը և համանքներին պատճառված 467 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ 2020թ. հունվարի մեկից սկսած՝ 2022թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում են կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467.260.910.107 ՀՀ դրամի վնաս: Դրանից 455.070.473.327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 12.190.436.780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233.857.381.815 ՀՀ դրամը, որից 231.532.450.211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.324.931.604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51.006.354.399 դրամը, որից 48.790.341.623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.216.012.776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 119 անուն շարժական և 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26.404.774.927 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաև 2.078.144.529 դրամի գույքերի վրա:

Հարկ է արձանագրել նաև, որ միայն 2022 թվականի 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 2.5 անգամ ավել գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021թ. ընթացքում: Ընդ որում, միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 և 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին: Եթե 2021թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2020թ. ընթացքում՝ շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա միայն 2022թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս