«Ֆանտաստիկայի ժանրից է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարող է նման հայտարարություն անել». Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարած անժամկետ բողոքի ակցիաների վերաբերյալ հանրության արձագանքը լավ է գնահատում։

«Գիշերը նորմալ է անցել, որևէ արտառոց դեպք չի եղել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան։ Լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերի վերաբերյալ, դասախոսություններ հայտնի մարդկանց կողմից, շփում քաղաքացիների հետ, օրվա ավարտին ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան։

Առաջին փուլով մեր առջև ինչ նպատակ դրել էինք՝ կատարել ենք, սա ամեն օր դեռևս շարունակվելու է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Վանեցյանը։

Շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների թեման, Արթուր Վանեցյանը նկատեց, որ Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ եթե հայերն ուզում են իրենց հետ հարաբերությունները կարգավորեն՝ պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։ Նաև ոչ ուղիղ խոսում են այն մասին, որ պետք է փոխվի նաև ՀՀ սահմանադրությունը։

«Հայոց ցեղասպանության ճանաչման համար որևէ քայլ արված չէ, արված է մեկ քայլ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է։ Սա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն անթույլատրելի է, ֆանտաստիկայի ժանրից է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարող է նման հայտարարություն անել»,- հավելեց Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, թե իրենք չեն ասում, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կարգավորվեն, քանի որ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան երկիր, որի հետ սահմանները փակ են։ Սակայն, ըստ նրա՝ եթե խոսում են առանց նախապայմանների սահմանների բացման մասին, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի առանց նախապայմանների սահմանը չի բացում, քանի որ Թուրքիան է սահմանը փակել։

«Սահմանները փակել է Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադբեջանի միջև պատերազմական գործողություններ են սկսվել։ Ուրիշ որևէ բան պետք չէ այստեղ փնտրել, շատ հարցեր կան, դա խորքային երկար խոսելու համար են»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, Արթուր Վանեցյանը նշեց, որ շփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար։

«Բայց պետք է ամենակարևորը հասկանալ՝ այդ ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյո՞ք այդ ձևաչափում կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվել են մինչ այս այլ ձևաչափերում։ Խոսքը վերաբերում է հենց Արցախյան հիմնախնդրին, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և  քննարկվել այլ ձևաչափերում։ Իսկ առհասարակ շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութեր

Լրահոս