«Ռոբերտո» խանութ սրահը մոլորեցրել է սպառողներին. ՏՄՊՊՀ
Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 22-ին վարչական վարույթ հարուցեց հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ («Փիլարյան» ՍՊԸ):
Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս զեղչված գնով: Ըստ Հանձնաժողովի իրավաբան Անահիտ Սարդարյանի՝ քաղաքացիները նույնիսկ SMS-եր են ստացել՝ հրավիրվելով «Ռոբերտո» շահեկան գնումների:
Ստացված դիմում բողոքների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ը անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութ, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է խանութներում ներկայացված ապրանքների միայն մի մասի վրա: Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն: