«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի հայկական տեխնիկա… Հարց է ծագում՝ որտեղի՞ց խեղճուկրակ Հայաստանին այդպիսի գումարներ». Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե միջոցներ հատկացվեն Հայաստանին զինելու համար, ապա Բաքուն դա կընկալի՝ որպես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին տեղեկացնում է Interfax.az-ը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի հայկական տեխնիկա: Այդ տեխնիկայի մի մասը վերցրել ենք՝ որպես ռազմավար, և այժմ օգտագործում ենք, մի մասը ցուցադրված է «Ռազմավարի պուրակում: Հարց է ծագում՝ որտեղի՞ց խեղճուկրակ Հայաստանին այդպիսի գումարներ: Որտեղի՞ց են ստացել այդ վարկերը, մարվա՞ծ են արդյոք դրանք, թե՞ դուրս են գրվել: Եթե այդ վարկերը չլինեին, ապա միանգամայն վստահ եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի»,- երեքշաբթի ասել է Ալիևը՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով, եթե Հայաստանին այդքան զգալի միջոցներ չհատկացնեին սպառազինության համար, ապա Երևանը «գլուխ խոնարհած՝ կգնար պայմանավորվելու» Բաքվի հետ (խաղաղության մասին.- Interfax.az): Հետևաբար, եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք՝ որպես ոչ բարեկամական քայլ, և համապատասխան կերպով կարձագանքենք»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է։

«Ցանկացած կազմակերպություն, որը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում, ընդունելի է: Հայաստանը դրական է արձագանքել հարաբերությունների կարգավորման մեր 5 հիմնական սկզբունքներին: Ես ուզում էի պարզաբանել այս կետը Բրյուսելում և ստացա անհրաժեշտ պատասխանը: Եթե ​​Հայաստանն ընդունում է այս 5 սկզբունքները, դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի նախագահը հավելել է նաև, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստման և սահմանազատման համար ադրբեջանահայկական աշխատանքային խմբերը կձևավորվեն մինչև ապրիլի վերջ և պետք է հնարավորինս շուտ սկսեն աշխատանքը։

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս