Շրի Լանկայի բնակիչները Հնդկաստան են փախչում պարենամթերքի դեֆիցիտի պատճառով. IANS
Շրի Լանկայի բնակիչները երկրում պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի պատճառով Հնդկաստան են փախչում: Այդ մասին հաղորդել է IANS հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 10-ին Հնդկաստան է ժամանել 19 փախստականներից բաղկացած հերթական խումբը, Շրի Լանկայից տնտեսական փախստականների ընդհանուր թիվը հասել է 39-ի: Ինչպես պատմել են ժամանած շրի-լանկացիները, նրանք վաճառել են կղզում իրենց ունեցվածքը, որպեսզի վճարեն մակույկով Հնդկաստան անցնելու համար: Տեղական իշխանությունները փախստականներին տեղավորել են Թամիլ Նադուի նահանգի ճամբարում. սպասվում է Շրի Լանկայի բնակիչների մեծ ալիք, հավելում է IANS հրատարակությունը:
Ավելի վաղ Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է իր արտաքին պարտքի դեֆոլտ: Շրի Լանկան վերապրում է 1948 թվականին անկախություն ձեռք բերելու ժամանակներից ի վեր վատագույն տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամը պայմանավորված է օտարերկրյա արժույթի դեֆիցիտով, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով տուրիստական հոսքի սահմանափակման հետեւանքով, ինչի արդյունքում երկիրը չի կարող բավականաչափ վառելիք գնել:
COVID-19-ի համավարակը կտրուկ հարվածել է կղզու տուրիստական հատվածին՝ օտարերկրյա արժույթ ստանալու հանգուցային աղբյուրին, նաեւ կրճատվել են Շրի Լանկայի այն բնակիչներից դրամական փոխանցումների ծավալները, որոնք աշխատում են արտասահմանում: Երկրում նշվում է պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի եւ գազի սուր անբավարարություն: Շրի Լանկայի բազմաթիվ շրջաններ բախվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 13 ժամով մշտական անջատումների՝ վառելիքի ներմուծման համար օտարերկրյա արժույթի անբավարարության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: