Իրանը հրապարակել է Սիրիայի համար «կարմիր գիծը»
Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի օգնական Ալի Աքբար Վելայաթին հրապարակել է Սիրիայի համար «կարմիր գիծը».
«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գահընկեց արվի, ապա կփլուզվի Իսրայելին դիմակայելու գիծը: Մենք կողմնակից ենք, որ Սիրիայում պետք է կատարվեն ժողովրդի պահանջած բարեփոխումները»: Ի պատասխան, թե արդյոք «Իրանի համար Ասադի տապալումը կլինի՞ կարմիր գիծ» հարցին, Վելայաթին դրական պատասխան է տվել՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ դա, սակայն, չի նշանակում, թե իրենք դեմ են իր առաջնորդներին ընտրելու Սիրիայի ժողովրդի իրավունքին:
Վելայաթին նաև Արևմուտքին ու մի շարք արաբական երկրների մեղադրել է նրանում, որ նրանք Աֆղանստանից զինյալներ են ուղարկում Սիրիա: Վելայաթին նաև բանակցություններ սկսելու կոչ է արել:
Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մեկնել է Սուդան, ուր քննարկելու է մի շարք տարածաշրջանային ու միջազգային զարգացումների հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիային ու Մալիին: