Sony-ն վաճառում է ԱՄՆ-ում գործող իր վարչական շենքը 1.1 մլրդ դոլարով

Sony ընկերությունը այսօր հայտարարել է, որ վաճառում է Նյու Յորքի Մեդիսոնպողոտայի վրա գտնվող իր գրասենյակային շենքը մոտ 1.1 մլրդ դոլարով, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը: Շինությունը կգնի ամերիկյան անշարժ գույքի կոնսորցիումը:

Գործարքը կկատարվի մարտին:  Sony America-ն կշարունակի իր գործունեությունը վաճառված շենքում, սակայն արդեն վարձակալության հիմունքներով:

Աշխարհահռչակ Sony ընկերությունը ներկայումս մեծ դժվարությունների միջով է անցնում՝ հեռուստացույցների և այլ էլեկտրոնային սարքավորումների պահանջարկի նվազման  պատճառով: Արդեն երկար ժամանակ է ընկերությանը չի հաջողվում շուկա դուրս բերել սպառողների համար իսկապես գրավիչ ապրանքներ:

2011թ.  Sony ընկերությունը աննախադեպ ֆինանսական կորուստներ ունեցավ՝  520 միլիարդ իեն կամ ավելի քան 6.3 մլրդ դոլար: Արդեն այդ ժամանակվանից սկսած ընկերությունը փորձում է կարգավորել իր գործերը։ Ընթացիկ ֆինանսական տարում ընկերությունը պատրաստվում է խնայողության համար ազատել 10 հազար աշխատակիցների ամբողջ աշխարհում: Դա ընդհանուր ընկերության աշխատակիցների մոտ 6 տոկոսն է: Ներկայումս ծանր դրության մեջ է հայտնվել ամբողջ Ճապորնիայի էլեկտրոնիկայի արտադրությունը: Գլխավոր պատճառն այն է, որ ճապոնական արտադրողները մրցակցության մեջ պարտվում են իրենց հարավ կորեական մրցակիցներին։

Տեսանյութեր

Լրահոս