Բաժիններ՝

Թուրքական մամուլը հիշեցրել է Աբդուլլահ Օջալանի ու Դեդ Հասանի սերտ կապերի մասին

Թուրքական Yeni Şafak թերթն անդրադարձել է երեկ Մոսկվայի կենտրոնում (իր բնորոշմամբ) մաֆիայի հայր, քրդական ծագում ունեցող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանը: Այս կապակցությամբ թերթը հիշեցրել է, որ գրեթե 76 տարեկանում սպանված Ուսոյանը կապեր է ունեցել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:

Թերթը գրում է, որ 1998 թվականին Սիրիան հարկադրաբար լքած Աբդուլլահ Օջալանը մեկնում է Մոսկվա, ուր 4 օրով հյուրընկալվում է Դեդ Հասանի տանը: Բացի այ, նա 1 օր էլ անցկացրել է ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու տանը: Օջալանը Ռուսաստանից մեկնել է Իտալիա, որտեղ անցկացրած ժամանակ Դեդ Հասանը 4 միլիոն դոլար է հատկացրել նրան:

Նշվում է, որ Դեդ Հասանը 1990-ական թվականներին մասնակից է եղել նաև PKK-ին զենք վաճառելու գործընթացին:

Հիշեցնենք, որ 1998 թվականին Թուրքիան ու Սիրիան քիչ էր մնում պատերազմեին միմյանց դեմ, ինչի պատճառն այն էր, որ Սիրիայի իշխանությունները թույլ էին տվել, որ Օջալանը բնակվի իրենց երկրում և ակնհայտ աջակցություն էին ցուցաբերում PKK-ին: Սակայն թուրքական ճնշումների ներքո Սիրիայի ներկայի նախագահ Բաշար Ասադի հայր Հաֆեզ Ասադը ստիպված եղավ տեղի տալ, և Օջալանը լքեց Սիրիան: Դրանից հետո Օջալանը մեկնեց Ռուսաստան, Իտալիա, Քենիա, ուր և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվեց 1999 թվականի փետրվարի 15-ին:

Կարծիքներ կան, որ Թուրքիայի հատուկ ծառայություններին Օջալանին ձերբակալելու հարցում օգնել է իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս