«Դժվար է մրցել երկուսի դեմ, որոնցից մեկը հետո պիտի դատական ակտ կայացնի». Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցի գործով դատավորի մասին
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռի նստավայր)՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակում էր քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության:
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այս գործում որևէ վիճելի փաստ չկա, ներկայացվածին պետք է տրվի իրավական գնահատական, սակայն Փաշինյանի ներկայացուցիչը պնդեց, որ ներկայացված փաստերը ենթակա են ապացուցման։
Դատարանը նույնպես վիճելի համարեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թ․ մարտի 1-ին Երևան Հայաստանի Հանրապետության հրապարակում իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։
Ըստ դատարանի՝ զրպարտության մասով վիճելի է այն փաստը, որ Փաշինյանն այդ նույն ելույթում Քոչարյանի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ՝ կոնկրետ, ոչ վերացական տեղեկություններ։
Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Փաշինյանը ներկայացրել է փաստացի տվյալներ, որ դրանք ներկայացվել են հրապարակային եղանակով, և իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Ալումյանն արձագանքեց, որ դատարանը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ փաստը չտարբերելով փաստի իրավական գնահատականից, և հայցվորի վրա փաստերն ապացուցելու պարտականություն է դնում։
Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին ապացույցներ ներկայացնել։ Նախնական դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին, ժամը 11-ին։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը, մեկնաբանելով իր արած հայտարարությունը դատարանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման վերաբերյալ, ասաց, որ իրավական գնահատականը հետևյալն է՝ առկա՞ է եղել արդյոք, ենթադրենք, զրպարտություն կամ անմեղության կանխավարկածի խախտում, իսկ այս գործով ապացուցման ենթակա փաստերը հետևյալն են՝ ի՞նչ է ասվել, ինչքա՞վ է հիմնավոր եղել այդ ասածը, վերաբերե՞լ է արդյոք հայցվորին, թե՞ ոչ, ի՞նչ լսարանի առաջ է ասվել, ի՞նչ տարածում է ստացել:
«Այս փաստի արդյունքում մարդու անմեղության կանխավարկածը խախտվե՞լ է, թե՞ չէ, սա իրավական գնահատական է, ոչ թե փաստ: Սա չի նշանակում, որ կողմերը սրան չպետք է անդրադառնան ու թողնեն միայն դատարանին, բայց սա ապացուցման ենթակա փաստ չէ, այլ վերլուծության արդյունքում հիմնավորման ենթակա հանգամանք»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ նրա՝ ապացուցման ենթակա փաստերն են՝ եղե՞լ է այդ ելույթը, թե՞ ոչ, ի՞նչ լսարան է ունեցել այդ ելույթը: Սա անհրաժեշտ է որոշելու համար, թե ինչ աստիճանի ոչ նյութական վնաս է պատճառվել անձին: Պաշտպանի կարծիքով՝ դատարանը փաստերը չտարբերեց փաստերի իրավական գնահատականից և դրեց ապացուցման պարտականություն:
«Այն, ինչ տեղի է ունեցել կողմերի միջև, վիճելի չէ: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասել է, մնացածն արդեն այդ չվիճարկվող փաստի իրավական գնահատականներն են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պնդելով՝ դրանք ապացույցներով չպետք է հաստատվեն, այլ վերլուծություններով հասկանան՝ կա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ անմեղության կանխավարկածի խախտում:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դատարանի նման վարքագիծը, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ իր ասածը չի վերաբերում նրան, որ դատավորը ոչ պրոֆեսիոնալ է առհասարակ, այլ նրան, որ այս գործով նա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում:
«Տպավորություն է, որ դատավորը մյուս կողմի հետ մի կողմում է հանդես գալիս: Ինձ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ իրենք երկուսով, իրար հետ միասին փորձում են առարկել հայցի դեմ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դժվար է մրցել այդ երկուսի դեմ, որոնցից մեկը հետո պիտի դատական ակտ կայացնի:
Պաշտպանն այս համատեքստում կրկին ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, թե ինչպես է այս գործը հայտնվել այս դատավորի մոտ:
«Ամեն ինչից երևում է, որ իրենք ուզում են՝ այս կարգի քաղաքականապես զգայուն գործերով դատավորը որոշվի ոչ թե պատահականության սկզբունքով, այլ ուղղորդված: Սա դեպքերից մեկն է, երբ դատավորը որոշվել է ուղղորդված: Միգուցե նախապես նրա հետ քննարկելով, միգուցե ելնելով որոշակի հանգամանքներից՝ կանխատեսելով՝ որոշել են, որ այս դատավորն առավել մեծ հավանականությամբ գործը լուծելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, և գործը հանձնել են այս դատավորին: Հնարավոր է, որ այս դատավորն էլ ի պատասխան դրա՝ որոշակի սպասելիքներ ունի ներկա իշխանական կենտրոններից: Միգուցե ինչ-որ տեղ տեղափոխվելու, աշխատանքային առումներով բարելավում ստանալու սպասելիքներ ունի»,- եզրափակեց Հայկ Ալումյանը: