Ուկրաինայի կորուստները «ներխուժման» մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2-3 մլրդ դոլար
Ուկրաինայի կորուստները ներխուժման մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար, իսկ այդ հաղորդումների պատճառով սպեկուլյատիվ ճնշումը երկրի արժութային շուկայի վրա գնահատվում է 1,5–2 միլիարդ դոլար: Փետրվարի 21-ին ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման։
«Մենք տեսնում ենք, որ անվերադարձ կորուստներն այս սթերսային իրավիճակում, ինչպիսին այժմ է, կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար: Դա թե՛ դադարեցված ներդրումներն են, թե՛ լրացուցիչ գնաճը, կորուստներ զբոսաշրջության ոլորտում, ավիափոխադրումների կրճատումը: Կա նաեւ սպեկուլյատիվ ճնշում ֆինանսական շուկաների վրա, որն արգելափակում է փոխառությունները, ճնշում փոխարժեքի վրա, (…) դա շուրջ 1,5–2 մյիլիարդ դոլար է»,- ասել է նա:
Նախագահի գրասենյակի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 4 – 5 միլիարդ դոլար: «4 – 5 միլիարդ դոլարը պետք է բավական լինի պետական ծրագրերի շարունակման համար, որոնք մենք պլանավորել ենք: Բայց արտաքին իրադրությունը կարող է փոխվել»,- ասել է Շուրման:
Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում:
Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները: Միեւնույն ժամանակ մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանություններ տարհանել են իրենց անձնաազմը Կիեւից եւ համաքաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից անվտանգության նկատառումներով՝ Դոնբասում շփման գծի իրադրության սրման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: