Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը
Երկու Կորեաների միավորման գործերի նախարարությունը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերադառնալ երկխոսության: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը։
«Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Հյուսիսային Կորեային՝ ընտրել երկխոսության եւ համագործակցության ճանապարհը՝ հանուն Կորեական թերակղզու խաղաղության ու կայունության»,-հայտարարել է միավորման գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Չոն Չժուն:
Նրա խոսքով՝ հարավկորեական կողմը ուշադիր հետեւում է Հյուսիսի գործողություններին:
«Միավորման գործերի նախարարությունն ուշադիր հետեւում էՀյուսիսային Կորեայի գործողություններին, պատրաստվելով բոլոր տարբերակներին՝ Հյուսիսի հաջորդ քայլերի վերաբերյալ շտապ եզրակացություններ անելու փոխարեն»,-նշել է նա:
Այս տարի Փենյանն իրականացրել է յոթ հրթիռների արձակում:
Միջին հեռահարության բալիստիկ հրթիռի վերջին արձակումն իրականացվել է հունվարի 30-ին: Կան ենթադրություններ, որ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումների արձակումներից ձեռնպահ է մնացել Օլիմպիական խաղերի ժամանակաշրջանում, որոնք փետրվարի 4-ից մինչեւ 20-ը տեղի են ունեցել Պեկինում, եւ կարող է դրանք վերսկսել հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: