Ինչո՞ւ Փաշինյանի կալավանցի խորհրդականը չի վերադառնում Սյունիքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կշարունակի մնալ Սյունիքում:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը: Հենց այս աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ էր Ռոբերտ Ղուկասյանը գործուղվել Սյունիքի մարզ։
Նկատենք՝ վարչապետի այդ որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է 2021 թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, բայց, ինչպես ասում են, եռակողմ հայտարարության հետևանքների մասին կառավարության հաշվարկները խիստ լավատեսական էին. վարչապետի խորհրդականի սյունիքյան առաքելությունը նորից հետաձգվեց, այս անգամ՝ 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն անդրադառնալով իր երկարաձգվող գործուղմանը՝ նշեց, որ միջգերատեսչական խմբի մի շարք ծրագրեր դեռևս պետք է շարունակվեն, ինչի համար պետք են ինտենսիվ աշխատանքներ:
«Նախորդ տարվա ընթացքում հիմնական շեշտադրումներն ավելի շատ անվտանգային միջավայրին էին ուղղված, այժմ ավելի շատ սոցիալ-տնտեսական զարգացման վրա կգնանք՝ միևնույն ժամանակ շարունակելով անվտանգային միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերը:
Շուտով կանենք հերթական նիստն այստեղ, ու վստահ եմ, որ նորից շուրջ 100 ծրագիր կհաստատվի, եթե ոչ ավել, որովհետև կուտակվել են խնդիրներ: Այս պահին շուրջ 70 ընթացիկ ծրագրեր կան: Իմ գործուղումը զուտ պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա կիսատ թողածը շարունակեմ»,- մանրամասնեց վարչապետի խորհրդականը:
Հարցին՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները, այդ թվում՝ մարդատար մեքենաների համար անանցանելի այլընտրանքային ճանապարհների հարցը, ինչի պատճառով բնակիչները բախվում էին ամենատարբեր իրավունքների խախտումների, իրենց լուծումները ստացե՞լ են, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց.
«Ինտենսիվ շինարարության մեջ են ճանապարհները, նաև, օրինակ, Որոտանի դպրոցին աշխատանքային խմբով նոր միկրոավտոբուս ենք տվել, նախատեսում ենք Խոզնավարի դպրոցին նույն տրանսպորտային միջոցից տրամադրել, որպեսզի ուսուցչական կազմը կարողանա տեղափոխվել, և էլի դպրոցների կան:
Որոտանում շուտով կգործի հացի արտադրամասը, որպեսզի իրենք տեղում կարողանան հաց թխել. մենք մինչ այս պահն ամենօրյա գրաֆիկով ապահովում էինք երեք գյուղերի՝ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, բնակիչների հացը: Տարբեր խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել. բնականաբար, բոլորս էլ գիտենք՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնահերթ կարգով, ինչքան հնարավոր է, սեղմ ժամկետներում լուծում ենք»:
Իսկ թե ինչպես են լուծում այն բնակիչների խնդիրները, որոնց արոտավայրերը, հողերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ուղիղ դիտակետում՝ մեր հարցին ի պատախան էլ՝ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ որոշ հատվածներում պատրաստվում են մասշտաբային անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն:
«Կոնկրետ Ճակատենի թևում նոր ծրագրեր են լինելու գյուղացիական տնտեսությունների աջակցման. հանդիպել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, և կառավարության հետ համատեղ ծրագրեր կարվեն այդտեղ, որպեսզի մեկնարկեն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, այսինքն՝ ոչ թե մեծ տարածությունների վրա մշակվեն, այլ, բնականաբար, իրենց հողատարածքները փոքրանում են, և այդտեղ արդյունավետությունը պետք է մեծանա: Այսինքն՝ պետք է մասշտաբային անցում կատարենք դեպի բարձրարժեք մշակաբույսեր: Բայց առաջնահերթը ոռոգման համակարգի խնդիրների լուծումն է»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը: