Ռոբերտ Քոչարյանից «շպարգալկա» են ստացել
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վերադարձի մասին է, ոչ հեռանալու: Եթե դա լիներ հեռանալու մասին, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցը կտար անցած տարեվերջին՝ իբրև ԲՀԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու տրամաբանական շարունակություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ նման կարճ, բայց հարուստ քաղաքական ուղերձով տեքստ Ռոբերտ Քոչարյանից չէր սպասում: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ մեկ հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը և մեղադրում է, և ծուղակներ լարում, և արդարանում, և առաջարկում, և զգուշացնում: «Ժառանգության» գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է իր վերադարձը վարչապետի պաշտոնում առաջադրելու սցենարով:
Սաֆարյանի կարծիքով, քանի որ երկրորդ նախագահը հնարավորություն չունի ակտիվ գործունեություն ծավալել, դիմում է այնպիսի մարդկանց «օգնությանը», ինչպիսին է նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը մնացել է Արամ Հարությունյանի հույսի՞ն, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե ավելի հարմար թեկնածու առայժմ չկա: : «Ժառանգության» գլխավոր քարտուղարը նշեց, որ Արամ Հարությունյանը նախագահի բոլոր ընտրություններին մասնակցում է միայն ընդդիմադիր թեկնածուներին հակաքարոզչություն անելու համար: Ըստ Սաֆարյանի, լուրջ չէ, երբ քաղաքական գործիչը քաղաքականությամբ զբաղվում է հինգ տարին մեկ. դա ծիծաղելի է, և նման դեպքում կարելի է մտածել, որ կամ նման գործիչն աննորմալ է, կամ կոնկրետ պատվեր է կատարում: Եվ քանի որ առաջին վարկածը «Ժառանգության» քարտուղարը բացառում է, մնում է պնդել, որ Արամ Հարությունյանը դրածո թեկնածու է: Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ թե Արամ Հարությունյանը, թե նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանն այս ընտրություններում հանձնարարություն են ստացել վարկաբեկել «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Սաֆարյանի համոզմամբ, թե Վարդան Սեդրակյանը, թե Արամ Հարությունյանը իրենք էլ գիտեն, որ 5 տոկոսը չեն հաղթահարելու և եթե ընտրագրավի 8 մլն դրամը նվիրեին մի կարիքավոր համայնքի, արժանապատիվ գործ կանեին, բայց պատվերը նրանց խանգարում է:
«Շպարգալկան տվել են և ասել, գնացեք՝ մի բոլ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ խոսեք»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը: