«Թշնամին հենց տեսնում է՝ ռուսը մեր կողքին է, չի կրակում, հենց ռուսն աչքից հեռանում է՝ կրակոցները սկսում է». Կարեն Մելքումյան
Փետրվարի 15-ին թշնամին Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել է Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանի ուղղությամբ, նա տրակտորով հերկ կատարելիս է եղել, կրակոցներից վնասվել է նրա տրակտորի հետևի անվադողը:
168.am-ի հետ զրույցում խնապատցի տրակտորիստ Կարեն Մելքումյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ թշնամին կրակում է խաղաղ բնակավայրերի ու բնակիչների ուղղությամբ։
«Առհասարակ նման դեպքեր լինում են, կրակում են՝ երբ պատահի, աշխատելիս, հող մշակելիս։ Ռուս խաղաղապահներից ինձ մոտ կանգնած են եղել, որ ադրբեջանական դիրքերից կրակել են, բայց այդ պահին ռուսներն այնպիսի տեղում էին կանգնած, որ թշնամու կողմից տեսանելի չեն եղել, մտածել են, թե մենք մենակ ենք դաշտերում աշխատում։ Դե, թշնամին կարող է ման գա էս կողմ, ման գա էն կողմ, մեկ էլ որոշի ու կրակի, առանց պատճառի։
Թշնամին հենց տեսնում է՝ ռուսը մեր կողքին է, չի կրակում, հենց ռուսն աչքից հեռանում է՝ կրակոցները սկսում է»,- նշեց Կարեն Մելքումյանը։
Ըստ նրա, թշնամու այդ կրակոցներից իրենք առհասարակ խուճապի չեն մատնվել, քանի որ թշնամու կրակոցներն իրանց համար սովորական բնույթ են կրում։
«Թշնամին տրակտորի ակին էր կրակել, կես ժամ հետո այն վերանորոգել ենք ու անցել ենք աշխատանքի։ Սա մեզ համար սովորական բան է դարձել։ Այդ կրակոցներից հետո ռուսները զանգել են ադրբեջանցիներին, ասել են՝ ինչո՞ւ եք կրակել, նրանք էլ պատասխանել են, թե այդ տարածքում մենք ձեզ չենք տեսել։ Կարելի է ասել, մենք գյուղատնտեսական աշխատանքների մեծ մասը ռուս խաղաղապահների ներկայությամբ ենք կատարում, թեկուզ 1-2 կմ հեռավորության վրա էլ լինի թշնամին, ռուսը գալիս-կանգնում է։ Եթե ռուսը կանգնած չի լինում, ու մենք աշխատում ենք, թշնամին զանգում ռուսին բողոքում է, թե՝ հայ-հարայ, հասեք՝ հայերն ինժեներական աշխատանքներ են անում։ Այդ ո՞վ է տեսել հողամասում ինժեներական աշխատանք անեն»,- հավելեց Կ. Մելքումյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նույն իրավիճակը Արցախի գյուղերի գրեթե մեծ մասում է։
«Այս կրակոցներով թշնամին մի քանի նպատակ է հետապնդում՝ խուճապ մտցնի ժողովրդի մեջ, վնասի մարդկանց։ Թշնամին ուզո՞ւմ է, որ մենք մեր հողը վարենք-ցանենք, այգին մշակենք, իհարկե չի ուզում, դրա համար էլ իրեն այդպես է պահում։ Ինչ ուզում է՝ թող անի, թող այստեղ կրակեն, մենք այնտեղ մեր գործը կանենք»,- եզրափակեց Կարեն Մելքումյանը։