«Լավ կլինի՝ Արցախը, Հայաստանը, սփյուռքը միատեսակ կարծիք ունենային Արցախի ապագայի տեսլականի վերաբերյալ». Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում այսօր քննարկվեց ԱԺ հինգ խմբակցությունների հեղինակած օրենքի նախագիծը «Բռնազավթված տարածքների մասին»։
Քննարկումից հետո, 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքի նախագիծը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում քննարկվել է, որին հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել՝ տալով դրական եզրակացություն։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ ընդգծեց, որ օրենքի այն նախագծերը, որոնք կարող են պարունակել անվտանգության բաղադրիչ, դրանք անպայման քննարկվելու են Արցախի անվտանգության խորհրդում։
«Խորհուրդը հաշվի է առնելու Արցախի ժողովրդի ճակատագիրը, ապագան, անցյալը, ներկան, մենք հաշվի ենք առնելու ու ընդունելու ենք նաև մեր հանրապետության արտգործնախարարի կարծիքը։ Այս նախագիծն ուշացած չէ, ուշացած կլիներ, եթե չլիներ 2021 թվականի մարտի 1-ի որոշումը՝ հայտարարության տեսքով։
Եթե մեր երկրի արտաքին քաղաքականությունն առանձնացնենք ներքին քաղաքականությունից, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու։ Ամեն մեկս չենք կարող այս իրավիճակում մեր ժողովրդի անվտանգությունը, ապագայի տեսլականը միայնակ որոշել։ Այստեղ և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը, առանձնապես այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Արցախին՝ ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը, լավ կլինի՝ նաև Հայաստանը, սփյուռքը միատեսակ կարծիք ունենային Արցախի ապագայի տեսլականի վերաբերյալ»,- շեշտեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում