Օրինական ավարտական դիպլոմ չունենալով՝ կարելի է ՊՆ խորհրդական դառնալ, կամ՝ ում հետ ենք գնում դեպի 6-րդ սերնդի պատերազմ
Ռազմիկ Պետրոսյանը, ով ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ էր նշանակվել Արագածոտնի մարզպետ, որից հետո ազատեցին, քանի որ ավարտական դիպլոմ չէր ունեցել, նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։
Ստացվում է՝ պատերազմի կամ ռազմական ինչ-ինչ դասընթացների մասնակցությունը բավարար է ՊՆ խորհրդական կամ ռազմական խորհրդատու դառնալու համար: Այս տրամաբանությամբ ՆԶՊ առարկային գերազանց տիրապետողը կարող է ՊՆ-ում պաշտոն ստանալ:
Ի դեպ, ՊՆ նորելուկ խորհրդականը նույնիսկ տեղյակ չէ, որ ՀՀ-ում ռազմական ակադեմիա գոյություն չունի, ավելին, նրա կենսագրության մեջ նշվում է, թե զինվորական բարձրագույն կրթություն ունի, թեպետ ընդամենը դասընթաց է ավարտել, բայց հայտնի չէ՝ երբ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը, անդրադառնալով իր դիպլոմի կեղծ լինելուն, ասել էր.
«Ամեն դեպքում, եթե էդ կրթությունն էլ չլիներ՝ իմ զինվորական ակադեմիական կրթությունը հերիք էր՝ որպես բարձրագույն։ Ստեղի մեր ակադեմիական դասընթացն էր։ Դա Հայաստանում բարձրագույն ուսումնական, ակադեմիական դասընթացներ էին կազմակերպված։ Մենք՝ բոլոր գեներալներն ու սպաները, բարձր սպայական կազմը, էդ բարձրագույն ակադեմիական դասընթացներով ենք ստացել։ Մեր որակավորումը, որով մենք ստացել ենք բրիգադների, գնդերի, կորպուսի հրամանատարների որակավորում, հավասարեցված է բարձրագույն զինվորական ակադեմիայի հետ»:
Պարզ է, որ Ռազմիկ Պետրոսյանի ծառայություններն իշխանություններին այլ բանի համար են պետք, չմոռանանք, որ նրա ջանքերով էին զինվորական համազգեստով մարդիկ հավաքվում Հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի: Եվ հիմա, երբ 44-օրյա քննիչ հանձնաժողով է ստեղծվել, իշխանությունները նման մարդկանց պետք է ոգևորեն, այդ թվում՝ ՊՆ-ում նրանց նմանների մուտքն ապահովելով: Երկրորդ՝ նման նշանակումները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի ռազմական «հմտությունները»:
Մյուս կողմից, մեղմ ասած, ծիծաղելի է, երբ իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, նախկիններին մեղադրում անվտանգության մարտահրավերներին ոչ համահունչ բանակ ստեղծելու և սպառազինություն գնելու մեջ:
Ի դեպ, հետաքրքիր է՝ հինգերորդ, վեցերորդ սերնդի պատերազմներից խոսող Արծրուն Հովհաննիսյանը, որը Սուրեն Պապիկյանի նշանակումից դժգոհ չէ, ի՞նչ է մտածում՝ Ռազմիկ Պետրոսյանի հետ կարո՞ղ ենք հաղթել 6-րդ սերնդի պատերազմում:
Նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 31-ին, երբ գրեթե ամեն ինչ կորցրել էինք, Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում վստահեցնում էր, որ «հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, բանակն իրավիճակին տիրապետում է, ավելի կազմակերպված մարտ ենք վարում, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»:
Պետրոսյանը խոսել էր նաև հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, որ «օր օրի այդ միջոցներն ավելանում են, և մինչև ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»: