«Եկավ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ արեց, ամբողջը քանդեց, չի՛ կարելի շենքը քանդել՝ տեղը վրան խփելու համար». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` ձերբակալություններին և կալանավորումներին, ասելով, որ նույնիսկ վառ երևակայության պարագայում դժվար է մեր իրականությունն անվանել ժողովրդավարական:

«Ժողովրդավարության ամենամեծ, կարևորագույն խարիսխն իրավունքի գերակայությունն է, իրավունքն է առաջնային, ընդ որում՝ քաղաքացու իրավունքը: Երբ ինձ ասում են՝ մենք հայտարարում ենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, ես սկսում եմ զարմանալ, դիկտատուրան չի՛ կարող լինել ժողովրդավարական, որևէ դրսևորմամբ դիկտատուրան արդեն իսկ պարտադրանք է: Այն պահից, երբ վարչապետի հայտարարությամբ շրջապատվեցին դատարանները, այդ պահից սկսած մեզանում, որպես այդպիսին, անկախ դատական իշխանություն այլևս գոյություն չունի:

Սահմանադրական դատարանը, որ տևական ժամանակ թվում էր, թե կարող էր հաջողել, մեր պետականության ամենալուրջ առանցքն էր դառնալու, նրան էլ կոտրեցին:

Ես այստեղ ուզում եմ ասել, որ կոտրեցին ՀՀ նախկին նախագահի ձեռամբ, թույլտվությամբ, համաձայնությամբ, որովհետև հենց ՀՀ նախագահն էր սահմանադրորեն կրում սահմանադրական կարգի պահպանման ողջ պատասխանատվությունը, և այն բոլոր խոսակցությունները, թե իմ լիազորությունները բավարար չէին՝ Գյուլնազ տատու հեքիաթներից է: Այսօր հասել ենք նրան, որ դատավորը վճիռ է կայացնում և հաջորդ օրը դատավորի կոլեգան իր նկատմամբ կալանքի որոշում է կայացնում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նախկին վարչապետն ասաց, որ իրեն անընդհատ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես պատահեց, որ այսքան ձախողումներից, պատերազմը տանուլ տալուց, այսքան կորուստներ ունենալուց հետո հանրությունը հանդուրժում է օրվա իշխանություններին.

«Անկասկած, անցած 30 տարիները զերծ չեն եղել թերություններից, սխալներից, բայց ես համոզված եմ, որ եթե 100 տարի հետո պատմաբանների սերունդը փորձի վերլուծել այս ամբողջ անցած ընթացքը, նրանք կարևորագույն բաներն են արձանագրելու: Արդյոք անցած 3 նախագահները պատմականորեն իրենց վերապահված պատմական առաքելությունն իրացրե՞լ են, թե՞ ոչ, արդյունավե՞տ են կատարել, թե՞ ոչ:

Ինքս էլ շատ հարցերում քննադատում եմ Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը, բայց ես կարծում եմ, որ նրան հաջողվեց պետականության հիմքերը դնել՝ սահմանադրություն, տնտեսական նոր համակարգ, հարկային համակարգ, այսինքն՝ այնպիսի ինստիտուտներ, որոնք խիստ անհրաժեշտ են անկախ պետականության կայացման համար: Այդ անկախ պետականության շենքի հենքը, բազան դրվեց նրա ժամանակ (եկավ Քոչարյանը, ի՞նչ արեց նա, ըստ էության շարունակեց Տեր-Պետրոսյանի՝ պետականաշինության գործունեությունը, նա հիմքն ամրապնդեց և սկսեց զբաղվել շենքի, եթե կարելի է ասել՝ կարկասի կառուցմամբ: Ենթակառուցվածքներ, ջրամբարների շինարարություն, աղետի գոտու վերականգնում, Սևանի մակարդակի բարձրացում, տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծում:

Եկավ Սերժ Սարգսյանը, ի՞նչ արեց՝ ըստ էության սկսեց այդ կարկասի ներքին հարդարումը, «եվրո ռեմոնտ» արեց, արտաքին քաղաքականություն, ոչ միայն Ռուսաստանի՝ ռազմավարական գործընկերոջ հետ, այլև բոլոր արտաքին խոշոր խաղացողների հետ, և զուգահեռ ընդգծվեց եվրոպական ուղղությունը, սա պետականության հաջորդ փուլն էր…

Եկավ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ արեց, այդ ամբողջը քանդեց, չի՛ կարելի շենքը քանդել՝ տեղը վրան խփելու համար, չի՛ լինում այդպիսի բան, չի՛ կարելի անել:

Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում նույնիսկ փորձում էի ըմբռնումով վերաբերվել նրա որոշ քայլերին, բայց հիմա, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ ինստիտուցիոնալ կարգավորումները, որոնք մենք ունեինք, այլևս չեն պահպանվել»:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս