«Լուկաշենկոն տվել է ՀՀ քաղաքական ղեկավարության գնահատականը, ոչ թե հայ ժողովրդի». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը՝ ասաց.

«Ես սարսափելի նվաստացած էի ինձ զգում նրա խոսքերը լսելիս, համոզված եմ, որ ցանկացած հայ իրեն նվաստացած է զգացել նրա խոսքերից: Նա ասում է՝ ո՞ւմ են պետք հայերն ու Հայաստանը… Ես մեծ ցավ եմ ապրել, բայց եթե փորձենք իրատես լինել, Լուկաշենկոն ասում է այն, ինչ շատերը մտածում, բայց չեն ասում: Ինքն ընդամենն ասում է իրողությունը, որ Հայաստանն ինքն իրեն դրել է այնպիսի իրավիճակում, որ ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում:

Ըստ էության Լուկաշենկոն տվել է ՀՀ քաղաքական ղեկավարության գնահատականը, ոչ թե հայ ժողովրդի, որովհետև Լուկաշենկոն չի կարող հայ ժողովրդին գնահատական տալ, ինչքան էլ նա ցանկանա, հայ ժողովուրդը Նարեկացի տված ժողովուրդ է»:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու Բելառուսի նախագահի ընկալումներին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ դրանք պայմանավորված են հետևյալով՝ կմիավորվեն նրանք, ովքեր ուրիշ ճար չունեն.

«Լուկաշենկոն էլ է դրա համար միավորվել: Եթե մինչև վերջին իրադարձությունները դեռ կարելի էր խոսել քիչ թե շատ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող  Բելառուսի մասին, այսօր կարող ենք փաստել մի բան՝ եթե մենք պատերազմի արդյունքով կապիտուլյացիայի ակտ ենք ստորագրել, ապա Բելառուսը դիվանագիտական կապիտուլյացիայի է ենթարկվել Ռուսաստանին, այսօր նա վասա՛լ է…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս