Միայն Շուշիի արտադրամասում 35 աշխատող կար. «Ղարաբաղ կարպետ»-ը՝ 44-օրյա պատերազմից հետո ու առաջ
Ադրբեջանի կողմից Շուշին օկուպացնելուց հետո «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասը՝ իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով, մնացել է այնտեղ:
Ադրբեջանաթուրքական ագրեսիայով պայմանավորված՝ մի քանի ամիս կասեցվեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը, և այն գորգերը, որոնք կարողացել էին բերել Արցախից, փորձեցին շատ ցածր գնով արագ վաճառել, որպեսզի կարողանան աշխատավարձ վճարել:
«Նախքան 44-օրյա պատերազմը մենք 120 աշխատակից ունեինք, և կար երեք արտադրամաս՝ Ստեփանակերտում, Շուշիում և Ճարտարում: Շուշիի արտադրամասն ամեն ինչով՝ պահեստով, դազգահներով, գույքով, կահույքով, սարքավորումներով, հումքով, մնաց այնտեղ, բայց Ստեփանակերտում և Ճարտարում 2020թ. դեկտեմբերից սկսել ենք աշխատել:
Ստեղծել ենք նաև առցանց խանութ, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից պատվեր կատարել: Ընկերության ֆիրմային խանութը գտնվում է Երևանում, Տաշիր առևտրի կենտրոնում, որը, 5 տարի է՝ կա: Թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմից հետո ընկերությունը շարունակում է ստանալ Արցախի կառավարության աջակցությունը՝ հաշվի առնելով նաև այն, որ «Ղարաբաղ կարպետը» սոցիալական դեր է կատարում, այն Արցախում հիմնականում կանանց հարցը լուծող կազմակերպություններից է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը:
Նա ընդգծեց՝ բարեբախտաբար, թե՛ Ստեփանակերտի, թե՛ Ճարտարի արտադրամասերը չեն վնասվել, աշխատում են:
«Այս պահին 65 աշխատող ունենք: Միայն Շուշիի արտադրամասում 35 աշխատող կար, նրանցից 8-ը հիմա աշխատում են Ստեփանակերտում: Մի մասն էլ ՀՀ տարբեր բնակավայրերում են: Նրանք, ովքեր Արցախում ապրելու պայմաններ ունեն, վերադարձել և մեծ սիրով աշխատում են մեզ հետ»,- հավելեց Սևակ Խաչատրյանը:
Նշենք, որ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013թ. ամռանը, և արտադրություն հիմնելու գլխավոր նպատակը գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթի անբաժան մաս, պահպանելն ու ապագա սերունդներին փոխանցելն է: