Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
Հունվարի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև մեքենայի սրահից։
Բազումի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև հունվարի 29-ին։ Ցերեկվա ժամը երեքն անց կեսին մոտ Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից նրանք մի տղամարդու բերման ենթարկեցին բաժին: Վանաձորի Նար-Դոսի փողոցի 39-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 միլիգրամանոց ներարկիչ՝ լցված թափանցիկ հեղուկով:
Նա հայտնեց, որ հեղուկը մեթադոն է, որը ձեռք էր բերել Աբովյան քաղաքից: Հայտնաբերվեց նաև երկու դեղահաբ, որոնց կապակցությամբ տղամարդը հայտնեց, որ անունը չգիտի, բայց օգտագործում է որպես քնաբեր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նաև թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:
Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: