Բաժիններ՝

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Գեղարքունիքի մարզի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե մեդալ

Վերջերս մայրաքաղաքում կայացած բռնցքամարտի Հայաստանի մեծահասկաների առաջնությունում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով Գեղարքունիքի մարզի մյուս ներկայացուցիչ Հայրիկ Նազարյանին, ով բավարարվել է արծաթե մեդալով։ Արծաթե մյուս մեդալը Գեղարքունիքի մարզի համար ապահովել է Սեւանի մարզադպրոցի աղջիկների խումբը ներկայացնող Ջուլիետա Մարգարյանը։

«Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանն անհավանական նվաճում արձանագրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի պատմության մեջ՝ վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ նվաճելով մեծահասակների չեմպիոնի կոչումը։

Նարեկը մինչ այդ փոքրահասակների կամ պատանիների առաջնություններում հաղթող ճանաչվել էր՝ հինգ անգամ իր տարքային խմբում արժանանալով ոսկե մեդալի։ Սա նրա վեցերորդ չեմպիոնական նվաճումն էր։ Իսկ այս տարի 18 տարին բոլորած Նարեկը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, առաջին իսկ փորձից կարողացավ հաղթել բոլոր մենամարտերը։

Նարեկը մասնակցել է Եվրոպայի առաջնության վեց մրցաշարերի, որոնցից մեկում զբաղեցրել է 3-րդ տեղը։ նախորդ տարի առաջին անգամ նա մեր մարզը ներկայացրեց աշխարհի առաջնությունում՝ ընդգրկվելով առաջին տասնյակում։

Հուսով ենք, որ այս տարի նա Հայաստանի հավաքականի կազմում մեր հայրենիքին կբերի նոր ծանրակշիռ հաղթանակներ։ Մեծ հույսեր ենք կապում նաեւ մյուս մրցանակակիրներ Հայրիկ Նազարյանի եւ Ջուլիետա Մարգարյանի հետ։ Գոհ ենք ձեռք բերած արդյունքներից»,-նշեց Գեւորգ Սարգսյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս