Առաջին հորիզոնականում «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
«Շունն ու կատուն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Չորրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հինգերորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Վեցերորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տնից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Իններորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:
Տասներորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: