Մենք պետք է մեր հարևաններին հարգենք. Խաչատուր Սուքիասյան

«Ես շատ հարգում եմ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, համարում եմ՝ քաղաքական հայտարարություն»,- ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ առաջին նախագահի՝ «Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը» հայտարարությանը:

2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին Ազատության հրապարակի հարթակում  Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է և իր տեսակետն ունի․

«Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, և շատ լավ մտքի տեր մարդ է, բայց համարում եմ քաղաքական։

Ես չեմ կարող ասել, թե այդ հայտարարության նպատակը որն է, որովհետև քաղաքական համակարգում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ղեկավարն է, այնպես որ, ամեն մի քաղաքական համակարգ, հնարավոր է, որ իր տեսակետներն ունենա և արտահայտվի այնպես, ինչպես  իր քաղաքական թիմն է մտածում կամ իր քաղաքական թիմին է հարիր»։

Հարցին՝ արդյոք հետևություններ անո՞ւմ են այդ հայտարարությունից, Սուքիասյանը պատասխանեց․

«Ընդհանրապես ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ դառնան, այնպես որ, և՛ իշխանության համար, և՛ ցանկացած ֆիզիկական անձի համար․․․»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, Խաչատուր Սուքիասյանը 2 կարևոր կետի վրա հրավիրեց լրագրողների ուշադրությունը․

«Հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ Թուրքիայի պետությունն է, և տասնյակ, հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրել, այսօր ես ինչքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ հայերն այստեղ տնտեսապես շատ լավ են իրենց զգում։ Ես ասում եմ այն հայերի մասին, որոնք Ստամբուլում են բնակվում կամ ավելի մեծ քաղաքներում։

Երկրորդ՝ իմ կարծիքը՝ որպես Խաչատուր Սուքիասյան, ինչքան որ ես ուսումնասիրել եմ, շատ ժամանակ ուսումնասիրում եմ, հիմա էլ շատ հետևողական եմ եղել իրենց ազգային արժութի արժեզրկմանն այս փուլում։ Մեր սահմանից այն կողմ՝ Ղարս և մնացած տարածքները, մինչև 200 կիլոմետր, իմ գիտակցությամբ այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունից։ Ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում, այդ դեպքում մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն, և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, կապ չունի՝ ազգությամբ թուրք են, թե ովքեր են, նրանք, հնարավոր է, որ Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվեն։ Մենք նույնպես օգտվելու ենք այլ ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած։ Սա իմ գնահատականն է։ Մենք պետք է գիտակից լինենք, մեր հարևաններին պետք է հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս