Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի
Պետության որակը չափվում է ոչ թե ղեկավարների այս կամ այն հատկանիշով, այլ պետական համակարգերի ու ինստիտուտների կայացածությամբ։
Որքան ավելի կայացած են ինստիտուտները, այնքան ավելի փոքր է անհատների դերը կայացվող որոշումներում, ինչն էապես բարձրացնում է պետական մեքենայի աշխատանքի արդյունավետությունը, որովհետև անգամ ամենաբացառիկ անհատները, այդուհանդերձ, սուբյեկտիվ են, ունեն անձնային որակներ, որոնք կարող են բացասաբար ազդել այս կամ այն որոշման վրա։
Եվ հենց ինստիտուցիոնալ կայացածությունն է, որ զսպում է պետությունների ղեկավարներին անձնականացնելու որոշումները ու այդպիսով նաև՝ պետության ընթացքը զերծ պահելու կամայականությունից։
Հայաստանում և մեզ նման երկրներում ճիշտ հակառակ պատկերն է․ պետական կառավարման համակարգի չկայացածությունը, թերզարգացածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետության ղեկին հայտնված ցանկացած մեկը պետական համակարգը ծառայեցնի սեփական նախասիրություններին, որակներին, դրանց բացակայությանը։
Հայաստանում ոչ թե անհատներն են ծառայում համակարգերին, ինչպես գրված է Սահմանադրությունում և օրենքներում, և ինչպես տեղին է զարգացած ժողովրդավարական երկրներում, այլ հակառակը՝ համակարգերն են ծառայում անձերին՝ դեֆորմացնելով ինստիտուտները և դրանք դարձնելով անհատի կամ անհատների ամբիցիաների իրացման գործիքներ։
Մեր օրինակով ակնհայտ է, որ Հայաստանում գոյություն չունի պետական կառավարման որևէ մարմին, որևէ գերատեսչություն, գերատեսչության որևէ վարչություն, վարչության որևէ պետ, պետի որևէ ենթակա, ով կարող է Նիկոլ Փաշինյանին հակադրվել որևէ հարցում և կանխել նրա այս կամ այն՝ պետության շահերից չբխող կամ հակապետական որոշման կայացումը։
Եվ հակառակը, Հայաստանում չկա որևէ համակարգ ու գերատեսչություն, որը կարող է չկատարել Նիկոլ Փաշինյանի՝ թեկուզ ամենահակապետական որոշումը կամ ներքին հրահանգը։
Այսինքն՝ իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայաստանի պետական համակարգն է ծառայում նրա կամայականություններին։
Ակնհայտ է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նա ոչ միայն ոչինչ չի անելու պետական կառավարման համակարգի կայացման ու հզորացման համար, այլ անելու է ամեն ինչ՝ այն հնարավորինս թույլ ու կամազուրկ դարձնելու նպատակով։ Որովհետև կայացած պետական կառավարման համակարգը նշանակելու է նաև ու առաջին հերթին՝ իր իշխանության ու կամայականությունների սահմանափակում։
Հայաստանը կարող է զարգանալ միայն ինստիտուտների ու համակարգերի կայացման դեպքում։ Դա է պահանջում պետական շահը։ Սակայն այդ շահը հակասում է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի անձնական շահին, ինչից էլ բխում է, որ նրա պաշտոնավարման ամեն մի օրն իրականում Հայաստանի դեմ է։
Ռոբերտ Տեր-Սարգսյան