Սահմանափակումներն իրենց ազդեցությունն են թողնում պատվաստումային գործընթացի ակտիվացման վրա

Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանափակումներն իրենց ազդեցությունն են թողել պատվաստումային գործընթացի վրա: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Նախորդ կարգավորումների շրջանակում բավական ակտիվացավ պատվաստումային գործընթացը: Մենք ունեցել ենք օրական 20 հազար և ավելի պատվաստվողներ: Մյուս կողմից թեստավորման պահանջը կարևոր է այն պարագայում, որ շուրջ 1000 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այնինչ, նրանք չունեին ախտանշաններ: Հայտնաբերելուց հետո նրանք հնարավորություն ունեցան դիմելու բժշկի և լինել նրա հսկողության տակ: Այսինքն՝ կոտրվել է վարակի շղթան»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանում հունվարի 22-ից գործելու է հանրային մի շարք վայրեր մուտքը պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատով թույլատրելու պահանջը: Մասնավորապես, նոր կարգը գործելու է մշակութային օջախներ, հանրային սննդի կազմակերպման կետեր, մարզասրահներ, լողավազաններ մուտք գործելու պարագայում: Ռոմելլա Աբովյանի խոսքով, այս որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը: Նա ընդգծեց, որ այս կարգավորումը ևս իր ազդեցությունը կթողնի պատվաստումային գործընթացն ակտիվացնելու համար:

Նոր կարգավորման մասին տեղեկությունը շրջանառվելուց հետո, մշակութային կենտրոնների, ժամանցի վայրերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն էին հայտնել այն կապակցությամբ, որ գործընթացի հսկողության ձևի միասնական պահանջ չկա, պաշտոնական գրություն էլ չեն ստացել: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանի խոսքով, պաշտոնական գրության, ինչպես նաև սարք-սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն, չկա:

«Պաշտոնական գրության անհրաժեշտություն չկա: Սանիտարական նորմը arils.am պաշտոնական կայքում հրապարակված է: Թե տնտեսավարող սուբյեկտը ինչ մեխանիզմ կմշակի, դա արդեն ներքին կարգավորման հարց է: Կախված գործունեության տեսակից տնտեսավարողն ինքը պետք է մշակի, ներդնի կազմակերպչական այն մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով»,-ասաց Նոնա Հայրապետյանը:

Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնելու է ստուգայցի տեսքով: Ինչպես ստուգայցեր կատարվել են, այդպես էլ շարունակվելու են, պարզապես հունվարի 22-ից հետո արդեն նոր սահմանափակումների կիրարկման շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս