Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ
Փարաքարի ավագանու՝ այսօր կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը։
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։
«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով։ Հետագա 5 տարվա կառավարումը համամասնորեն կիսվելու է Դավիթ Մինասյանի և համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև։ Այսպիսով՝ կլինի համատեղ կառավարում, և առաջիկա 2,5 տարվա ընթացքում համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը։ Նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 12-ին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել էր 10 մանդատ և դրանցով իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ընտրել համայնքապետ՝ հիմնավորելով, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դեկտեմբերի 23-ին կայացավ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի երդմնակալությունը, սակայն այդ թիմին Ոստիկանությունը թույլ չէր տվել մուտք գործել համայնքապետարան։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատական հայց էր ներկայացրել՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: