Իմ տեղեկություններով՝ Ղազախստան են ուղարկվել դեսանտագրոհային գումարտակի ծառայողներ․ Դանիել Իոաննիսյան
«Իմ ունեցած տեղեկություններով, Ղազախստան են ուղարկվել ոչ թե խաղաղապահ բրիգադի ծառայողներ, այլ դեսանտագրոհային գումարտակի ծառայողներ, ինչը կրկին հարցեր է առաջացնում առաքելության նպատակի մասով»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողների առաքելությանը՝ ասելով, որ նրանք պահպանելու են ռազմավարական նշանակության օբյեկտները։
Հայաստանի դիքորոշման ու ձեռնարկած քայլերի վերաբերյալ իրավապաշտպանը հետևյալ դիտարկումներն արեց․
«Երբ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, հայտարարվեց, որ առաջնահերթությունների մեջ է արագ արձագանքման մեխանիզմի արդիականացումը։ Եվ այն ժամանակ, ենթադրում եմ, որ Փաշինյանը նկատի ուներ արագ արձագանքում ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մասով, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն էր, որ կարող էր արագ արձագանքման կարիք ունենալ։ Եվ երբ արագ արձագանքման կարիք կամ առիթ առաջացավ Ղազախստանի դիմումի հիման վրա, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց առավելագույնս պրինցիպիալ երևալ և առավելագույնս արագ արձագանքել։
Բայց ինձ թվում է, որ սա որոշակի միամտություն է, որովհետև միամիտ է կարծել՝ եթե դու առավելագույնս ազնիվ ես ՀԱՊԿ-ի և Պուտինի հետ, իրենք էլ առավելագույնս ազնիվ կլինեն քեզ հետ․ դա ուղղակի միամտություն է»։