Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Պատարագից հետո հավատացյալները եկեղեցիներից վառված մոմեր են տարել տուն:

ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմը մեկնում է, որ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց:

Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին՝ «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա՝ մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս