Սամվել Բաբայանի հետ կոալիցիան Արայիկ Հարությունյանը պետք է խզի. խաղեր տվողներին իրենց տեղը պետք է ցույց տալ. Մետաքսե Հակոբյան
Արցախը 2022 թվական մուտք է գործում շատ մեծ մարտահրավերներով, ուստի Արցախի իշխանությունները պետք է լրջանան ու վերանայեն Արցախի կառավարման համակարգի կենսունակությունը ու վարեն ճիշտ քաղաքականություն՝ առանց ձևականության։ Պետք է լրջանա նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ու պետք է հասկանա, որ այլևս չի՛ կարող Կառավարության ներկա կազմով աշխատել, ու պետք է այսուհետև կարևորի Կառավարության յուրաքանչյուր անդամի պրոֆեսիոնալիզմն ու բարոյական որակները։ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի իշխանությունների 2022 թվականի առաջնահերթություններին անդրադառնալով՝ նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Ապա ընդգծեց, որ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության հետ կոալիցիայի խզումը ևս Արայիկ Հարությունյանի համար դարձել է առաջնահերթություն։
«Կոալիցիայի խզումն ինչպե՞ս կլինի, չգիտեմ, բայց եկել է ժամանակն Արցախում յուրաքանչյուրին իր տեղը ցույց տալու, որովհետև անունը դնել քաղաքականություն ու խաղեր խաղալու իրավունք մենք չունենք, որովհետև այդ խաղերի գինը մեր երեխաների կյանքն է արժենում»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է ազատվի Արցախի կառավարման համակարգում ծվարած կեղծ ժողովրդավարներից, որոնք եկել են ինքնահաստատվելու և իրենց ամբիցիաները բավարարելու։
«Այդպիսի մարդիկ կան ոչ միայն Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունում, այլ նաև՝ իշխանության կազմում, որոնք դիտարկում են այդ պաշտոնը՝ որպես աշխատանք. կա այսօր այդ աշխատանքն Արցախում՝ իրենք այստեղ են, չկա՝ վաղն Արցախում չեն լինի»,- ասաց Հակոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում