Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ քիչ առաջ մերժվեց իրենց ներկայացրած Վերաքննիչ բողոքը, որը մակագրվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանին:

«Խնդրել էինք, որ դատարանը իրավական մոտեցում ցուցաբերեր, հարցին իրավաբանորեն մոտենար, դրանով իսկ օբյեկտիվություն կդրսևորվեր: Մինչդեռ դատարանը հարցին չգիտես ինչ կերպ մոտեցավ, բայց հաստատ՝ ոչ իրավաբանորեն»,- նշեց Տոնոյանի պաշտպանը:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել էր, թե ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները:

«Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատության մեջ գտնվելու իրավական կոնկրետ հիմքերին, միակ հիմնավորումը, որը դրված է Տոնոյանի կալանքի հիմքում, և որը վարույթն իրականացնող մարմինը և դատարանները մշտապես փորձել են հաստատել, թե քանի որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:

Բայց պետք է նշել, որ Դավիթ Տոնոյանը 2020 թվականի նոյեմբերից պաշտպանության նախարար չէ, նրանից հետո նախարարներ են փոխվել, բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, երկրորդ՝ գործով անցնող անձինք որևէ կախվածության մեջ չեն գտնվում նրանից: Եվ շատ կարևոր մեկ այլ հանգամանք՝ գործով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման, և նման պարագայում խոսել, որ նյութեր կարող են թաքցնել, կամ գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրել, իրատեսական չէ: Ըստ այդմ՝ մեր համոզմունքն այն է, որ չկա որևէ հիմք շարունակելու Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահել»,- ասել էր պաշտպանության նախարարի պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս