«Փշերի միջով դեպի աստղեր գնալու ճանապարհը» կամ փակուղի. շնորհավորանք ու հրաժեշտ՝ Ալեն Սիմոնյանից

«Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք, արդեն քանի տասնամյակ է՝ անում ենք ամենադժվար գործերից մեկը` մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր»,- այս լիրիկական տողերը ինչ-որ գրքից չեն, այլ ֆեյսբուքյան շնորհավորանքից, որն ընդամենը երեք տարի առաջ Ալեն Սիմոնյանը հրապարակային ուղղել էր Հայկ Մարությանին:

Իսկ այսօր արդեն Ալեն Սիմոնյանը չէր կողմնորոշվում՝ այդ նույն Հայկ Մարությանը «տկա՞ր էր», թե՞ «տկզար»: Ստացվում է՝ փշերի միջով դեպի աստղեր հասնելը բարդ է, եթե այդ ճանապարհը մեկն անցնում է էկոնոմ դասի «Նիսան»-ով, մյուսը՝ նոր մոդելի  BMW-ով:

«Զզվանք ու ցավ ապրեցի լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն և ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասել և ինչ թեմա ասես շահարկել»,- սա էլ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի բազմիցս խմբագրված խոսքն է Հայկ Մարությանին:

Իսկ Հայկ Մարությանն իր ելույթում ընդամենը նշել էր, որ այն մարդիկ են իրեն մեղադրում հեղափոխությունից շեղվելու մեջ, որոնք «երկրի համար էս նեղ պահին 200․000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար»:

«Պատկերացնում ե՞ք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը՝  դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ։

Ու կարծում եմ, ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում, ընդ որում, առանց վարորդի, ինքս եմ վարում (թիկնապահի մասին, բնականաբար, խոսք չկա): Երբեք, երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝  լավ չի, սա նորմալ ա։ Որովհետև դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետև 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածի, սեփական կոմֆորտի մասին մտածի։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհողություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ»,- պարզաբանել էր արդեն նախկին քաղաքապետը:

Հիշեցնենք՝ պադավատիզմը նախկինում քննադատող Փաշինյանի կառավարությունը, դեռ նոյեմբերին, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանություն էր տվել նախագծին, ըստ որի՝ պետբյուջեի սուղ միջոցներից հրատապ կարգով 90 մլն դրամ կամ շուրջ 188.000 դոլար էր հատկացվելու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներն այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։ Գնումը կիրականացվի Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս