«Վերջին 27 տարիներին Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, և, եթե այսօր էլ է այդպես՝ ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդվեն նաև Արցախի շահն առաջ մղելով». Վահրամ Բալայան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի դերին։ Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի (գործընթացի մասին.- Զ.Դ.): Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի դերը կարևորել է նաև  Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը.  թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ զգույշ և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

«Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Արդյո՞ք Հայաստանը կբարձրաձայնի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն իր քայլերը կիրականացնի Արցախի հետ համակարգված և Արցախի հետ սերտ համակարգմամբ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հարցին, նախ նկատեց՝ լավն այն է, որ Թուրքիան իր նպատակների մասին բացահայտ խոսում է, գաղտնի որևէ բան չի անում, սակայն վատ է, երբ հայկական կողմն այդ ամենը փորձում է չտեսնելու տալ։

«Թուրքիան, ինչպես մշտապես ասել է, այսօր էլ շարունակում է ավելի շատ ասել, որ իրենք իրականացնում են այն հայտնի բանաձևը, ըստ որի, իրենք Ադրբեջանի հետ մեկ ազգ են՝ երկու պետություն։ Այդ երկու երկրները ելնում են հենց այս բանաձևից և ըստ դրա էլ իրենց գործողություներն այդ  տրամաբանությամբ են իրականություն դարձնում։ Ինձ համար այս ամենը նորություն չէ։ Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանը հովանավորվում է Թուրքիայի կողմից 1918 թվականից մինչև օրս»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ օրակարգի թելադրող չէ, մինչդեռ Հայաստանն էլ պետք է առաջ քաշեր Արցախին։

«Վերջին 27 տարիներին Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, և, եթե այսօր էլ է այդպես, պետք է ՀՀ իշխանություններն այստեղ առաջնորդվեն նաև Արցախի շահն առաջ մղելով։ Բայց այսօր պարտված վիճակում դժվար է այդ ամենն անել։ Արցախն այսօր մեծ հնարավորություններ չունի իր շահերն առաջ տանելու, բարձրաձայնելու համար, հետևաբար՝ այդ ֆունկցիան պետք է կատարեր Հայաստանը միջազգային կառույցներում ու միջպետական հարաբերություններում։ Հիմա մենք բավականին վատ վիճակում ենք, որովհետև դեմ առ դեմ կանգնած ենք Ադրբեջանի դիմաց, որն իր թիկունքում ունի Թուրքիային։ Մենք փորձում ենք այսօր մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները, Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած մեր ավանդական կապերով փորձել մեզ համար անվտանգային որոշակի միջավայր ձևավորել։ Եվ փորձել այդ ճանապարհով մեր գոյությունը պաշտպանել մեր պապենական հողի վրա այնքան ժամանակ, մինչև մեզ համար բարենպաստ իրավիճակ կստեղծվի»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս