«Այդ որակներն արդեն շանտաժի ոլորտից են». Հովսեփ Խուրշուդյան

«Կարծում եմ, որ պարոն Ղուկասյանը ճիշտ հասցեով չի դիմել: Եթե նա կարծում է, որ առաջիկա ընտրություններն օրինական, ազատ, արդար անցկացնելու պարտավորությունը երկրի գործող իշխանությունների, մասնավորապես՝ երկրի գործող իշխանությունների վրա է և նա չի կատարելու իր պարտավորությունը, նշանակում է, որ նա պետք է դիմի գործող նախագահին՝ որպես թեկնածու, որպեսզի հանի թեկնածությունը»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն այսօր  դիմել է ՀՀ նախագահի թեկնածուներ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ  Հրանտ Բագրատյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, անկուսակցական Վարդան Սեդրակյանին և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ առաջարկելով մինչև հունվարի 15-ը միասնաբար ներկայացնել ինքնաբացարկ:

Անդրեաս Ղուկասյանը նաև լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է՝ եթե թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով չընդունեն այդ առաջարկը կնշանակի՝ ծառայում են Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին:

«Այդ որակներն արդեն շանտաժի ոլորտից են, որոնք անընդունելի են, և այդ երգը վաղուց երգվել է: Ժամանակին տարբեր գործիչներ նույն մեթոդաբանությամբ փորձում էին սեփական օրակարգը փաթաթել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի վզին, որը չհաջողվեց: Կարծում եմ՝ պարոն Ղուկասյանը  ճիշտ ճանապարհ չի ընտրել, եթե ընտրել է որակումների մեթոդաբանությունը»,- նշեց «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս