Ուկրաինայում ցանկանում են օրինականացնել «օրենքով գողերին»
Ուկրաինական Finanse.ua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ցանկանում են օրինականացնել «օրենքով գողերին»: Պատգամավոր Գենադի Մոսկալն օրեր առաջ Գերագույն Ռադայում գրանցել է մի օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել միայն «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար:
Նշվում է, որ Ուկրաինայում կազմակերպված հանցավորությունը դարձել է այն գլխավոր գործոններից մեկը, որոնք սպառնում են երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Այդ կազմակերպված հանցավորության առանցքային տարրերն էլ «օրենքով գողերն» են: Մոսկալը հիշեցրել է, որ այդ երևույթն առաջացել է 1930-ական թվականներին, համաշխարհային կրիմնալ պրակտիկայում չունի իր համարժեքը և բնորոշ է ԱՊՀ երկրներին:
Մոսկալի խոսքերով՝ «օրենքով գողերը» Ուկրաինա են ներթափանցում հիմնականում Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից: Մոսկալը կարևորել է «օրենքով գողերի» դեմ պայքարում Ռուսաստանի ու Վրաստանի ունեցած փորձի կիրառումը:
2005 թվականին Վրաստանում ընդունվեցին հատուկ օրենքներ, ինչը հնարավորություն տվեց հատուկ ստեղծված բանտ նետել մոտ 50 «օրենքով գողերի», ինչպես նաև հանգեցրեց Վրաստանից այլ կրիմինալ հեղինակությունների վտարմանը: Մոսկալի ներկայացրած օրինագծով նախատեսվում է «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 8-15 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:
Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան դատապարտելու համար: