Մեզ այդ մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
«2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ ծանր իրավիճակում, և այս աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերներ»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարում իր ելույթում նշեց կուսակցության Գերագույն Մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա նաև արձանագրեց ՝ 2020 թ.-ին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի արդյունքները աղետալի սպառնալիքների մի մասն են միայն, և որպես ասվածի հավաստում՝ շեշտեց, որ այսօր իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում և իմաստազրկում են պետական ինստիտուտներն ու ատրիբուտները: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները պետությունը զրկել են նաև միջազգային հարաբերություններում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից ու դարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկը՝ հետևողականորեն կատարելով այդ տանդեմի բոլոր ցանկությունները՝ վտանգելով ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև՝ ՀՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
«Անկախության 30 տարվա ընթացքում մենք հաղթահարել ենք լուրջ մարտահրավերներ, սակայն նման ծայրահեղ բարդ իրավիճակում երբեք չենք եղել: Այդ իրավիճակից բխող բարդ քաղաքական մարտահրավերների հաղթահարման համար պահանջվում են նոր որակի քաղաքական ուժեր, որոնք ունակ են առաջարկելու նոր որակի մարտավարություն և ոչ ստանդարտ լուծումներ:
Իհարկե, իշխանափոխությունից հետո փոխվել է նաև ՀՀԿ կարգավիճակը քաղաքական ասպարեզում. եթե մինչ այդ կուսակցությունը իշխանական կուսակցություն էր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով, ապա այսօր ընդդիմություն է, որը ենթարկվում է տոտալիտար իշխանության կոշտ սահմանափակումների, ապօրինի հետապնդումների ու կոպիտ բռնաճնշումների:
Սակայն մեզ հնարավոր չէ կանգնեցնել այդ մեթոդներով. մեր երկրի համար չափազանց բարդ այս իրավիճակում մենք շարունակելու և ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանություններից ու երկրում ապահովելու համար նոր որակի, արդյունավետ կառավարման ու աննախադեպ մարտահրավերների հաղթահարման կարողություններ ունեցող իշխանություն», – ասաց Դավիթ Հարությունյանը:
Այս համատեքստում անդրադառնալով կուսակցության կանոնադրությունում առաջարկվող փոփոխություններին՝ ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ ելքը կուսակցության գործունեության արդյուանվետության կտրուկ բարելավումն է:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նոր իրավիճակից ու նպատակներից ելնելով՝ խմբագրվել են կուսակցության խնդիրները, որոնցից, ըստ նրա, հատկապես առանցքային նշանակություն ունեն կուսակցության արժեքների ու սկզբունքների շուրջ համախմբված անդամների և համակիրների շրջանակների ընդլայնումը, տարածքային կազմակերպությունների գործուն ցանցի ձևավորումը, ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցությունը, կուսակցության նախընտրական ծրագրի և ընտրական ցանկի ձևավորումը՝ կուսակցության բոլոր օղակների ակտիվ ներգրավմամբ, կուսակցության վերլուծությունների, հետազոտությունների և մշակումների ներկայացումը հասարակությանը: