Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները նոյեմբերին հասել են 70 տարվա առավելագույն ցուցանիշի

Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն է 1951 թվականի նոյեմբերից ի վեր: Այն պայմանավորված է ինչպես էներգակիրների արժեքի կտրուկ բարձրացմամբ եւ մատակարարումների շղթայում պահպանվող խնդիրներով, այնպես էլ համեմատության ցածր բազայով:

Այնուամենայնիվ, Trading Economics-ի տվյալների համաձայն, անցած ամսին վերլուծաբանները կանխատեսել են PPI ինդեքսի էլ ավելի զգալի ավելացում՝ 19,9 տոկոսով: Գների աճի տեմպերն արագանում են արդեն տասնմեկ ամիսն անընդմեջ, ընդ որում՝ վերջին հինգ ամիսներին վերելքը գերազանցում է 10 տոկոսը: Էներգակիրների գները նոյեմբերին կտրուկ բարձրացել են 49,4 տոկոսով, այդ թվում՝ բնական գազը թանկացել է 83,4 տոկոսով, էեկտրականությանը՝ 48 տոկոսով:

Միջանկյալ արտադրանքի արժեքն ավելացել է 19,1 տոկոսով, երկարատեւ օգտագործման սպառողական ապրանքներինը՝ 3,7 տոկոսով, արտադրության միջոցներինը՝ 3,6 տոկոսով: «Ուրբաթ օրվա տվյալները մռայլ հեռանկարներ են մատնանշում Սուրբծննդյան սեզոնի համար, քանի որ Գերմանիայի արդյունաբերական հատվածը շարունակում է պայքարել մատակարարումների շղթայում ընդհատումների եւ այն սպառնալիքի դեմ, որը ներկայացնում է օմիկրոն շտամը»,-կարծիք է հայտնել Թոմաս Ռինը՝ Accenture-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս