«Սահմանազատում ու սահմանագծում՝ նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում». Սեյրան Օհանյան
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ՝ սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ։ Սակայն ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իշխանական խմբակցության վարքագիծը բնորոշեց բոյկոտ, ինչի պատճառով էլ չկայացավ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը։
«Այս հարցի շուրջ լսումների, արտահերթ նիստի անհրաժեշտությունը բխում է առաջին հերթին ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ու Արցախի շուրջ։
Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք Թուրքիայի կողմից նախաձեռնած, աջակցած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի պատճառով, որի արդյունքում զավթվել են Արցախի տարածքները՝Հադրութը, Շուշին, մասամբ՝ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու տարածքներից։ Ադրբեջանն ու թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել են մեր սահմաններում»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ըստ պատգամավորի, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո, հենց այնպես, առանց որևէ գործողության հանձնվեցին Արցախի մնացած շրջանները՝ Քաշաթաղի, Քարվաճառի և բոլոր այն շրջանները, որոնք գտնվում էին Արցախի հարավում։ Օրվա իշխանությունների բանավոր ցուցմամբ հայկական զորքերը Զանգելանից ու Կուբաթլուից հետ են քաշվել։
«Այսօր ՀՀ-ում չկա որևէ անձ, որ կարող է ասել, թե որտեղով են անցնում մեր սահմանները, որովհետև Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո այդ սահմանները բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել։ Հետևաբար՝ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար լուրջ ուսումնասիրություններ են պետք։ Այսօր իշխանությունները բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշել՝ չհասկանալով, որ հետագայում այն ռազմավարական կետերը, որոնք հանդիսանալու են շահարկման, բանակցային առարկա, նկատի ունեմ կարևոր բարձունքներ, ճանապարհներ՝ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իհարկե, դժվար է լինելու, որ նրանք հետ գնան»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ սահմանազատման ու սահմանագծման համար այսօր իրական պայմաններ չկան, և եթե դրանք չկապեն Արցախի ինքնորոշման հետ, ապա լուրջ վտանգի տակ է դրվում Արցախի ճակատագիրը։
«Սահմանազատում ու սահմանագծում՝ նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում։ ՀՀ այսօրվա իշխանությունը գնում են բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում