5 գերիներից մեկի հարցով միջնորդությունը մերժվել է, մյուսների գործով դատական նիստերը դեռ ընթացքում են
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: Տեղեկությունն ավելի վաղ հաստատել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ նշելով, որ արդեն դատական նիստեր են ընթանում:
168.am–ի հետ զրույցում փաստաբան Կարմեն Պողոսյանը, որը ստանձնել է գործով անցնող մեղադրյալներից մեկի պաշտպանությունը, որոշ մանրամասներ հայտնեց. «Նախաքննության հետ կապված միայն կարող եմ ասել, որ երեկ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժվել է, հոդվածը, որը մեղսագրվում է վստահորդիս, 365-ի 3-րդ մասն է»:
Ցուցմունքների և մեղքն ընդունել-չընդունելու վերաբերյալ մեկնաբանությունները փաստաբանը բացառեց՝ նկատելով, որ չունի պաշտպանյալի համաձայնությունը:
Մեկ այլ մեղադրյալի՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի այսօր երեկոյան: Վերջինիս պաշտպան Ալեքսան Թումասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը:
Գերությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներին կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու մասին տեղեկությունը միանշանակ չի ընդունվել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում՝ հատկապես այն քաղաքական հայտարարությունների համատեքստում, որոնք նախորդել էին մեկնարկած գործընթացին:
Հիշեցնենք՝ մինչ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ «այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար», արդեն ընտրություններից հետո՝ նա այլ դիտանկյունից սկսեց նայել խնդրին՝ հայտարարելով, թե ժամանակն է, որ պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք։
Բայց սա էլ դեռ ամենը չէ. օրերս գերիների մասին աղմկահարույց հայտարարություն էր արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե իր համար «գերիները չկան», որ «գերիները դասալքություն են արել»։
Ստացվում է՝ «չեխովյան հրացան»-ի սկզբունքով. եթե մեղադրանքը հնչել է, ուրեմն հիմնավորումն էլ չի ուշանա:
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով մեկնարկած իրավական գործընթացներին, իշխանությունների կեցվածքն անթույլատրելի ու անընդունելի որակեց:
«Նման հայտարարությունների առնվազն մեկ նպատակը երևում է՝ քայքայել բանակը, որովհետև այժմ բոլոր նրանք, որ պետք է գնան ծառայության, և նրանց ծնողները՝ հասկանում են, որ ոչ միայն պաշտպանված չեն իրենք՝ սահմանները պահելու ժամանակ, այլև՝ ինչ-ինչ պարագաներում:
Զարմանալի է, որ իրենք արտահայտում են այն, ինչ ասել են վերադարձած զինգերիները. սա մեզ վերադարձնում է այն ժամանակները, երբ այս կամ այն խոստովանությունները դառնում են ապացույցների և մինչև անգամ՝ դատավճիռների, որոշումների հիմք:
Դա մեզ վերադարձնում է ստալինյան ժամանակաշրջան, երբ եղել է հատուկ հրամանագիր, որ բոլոր նրանք, որոնք հայտնվում են գերության մեջ՝ բոլորը հանցագործներ են»,- նշեց իրավապաշտպանը՝ միաժամանակ նկատելով, որ դա լիովին տեղավորվում է գործող իշխանությունների քաղաքական տրամաբանության մեջ:
Ըստ նրա՝ այս իշխանությունները ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի գերիներին չվերադարձնեն, կամ՝ երրորդ պետություն տեղափոխեն, և կամ՝ ուղղակի այնտեղ տանջեն:
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր. «ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են»:
Դեկտեմբերի 4-ին այս գործողությունների ընթացքում գերեվարված 10 զինծառայողներ վերադարձվեցին Հայաստան. նրանց Ադրբեջանից հայրենիք էր տեղափոխել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։