«Եթե հիմա Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալո՞ւ է, թե՞ ոչ». Պաշտպանության փոխնախարար
Խորհրդարանում լրագրողների հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Իշխանասարում, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հարցով պատասխանեց. «Հիմա եթե Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սահմանային, շփման գծի զգայուն հարցերի վերաբերյալ, կարծում եմ՝ ՊՆ բոլոր պաշտոնյաները հնարավորինս փորձելու են քիչ տեղեկատվություն տալ: Քիչ ասելով՝ նկատի չունեմ շատ քիչ, այլ հստակ ու կոնկրետություն պարունակող։ Մարդկանց երևակայությանը չենք թողնում, նրանց վստահաբար ասում են, որ մեր սահմանների անվտանգությունը պաշտպանում են ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, թե վերը նշված հարցերի վերաբերյալ պետք չէ ակնկալել չափից շատ տեղեկատվություն։
Ինչ վերաբերում է դիրքերի կահավորմանը, ապա Արման Սարգսյանը վստահեցրեց, որ մինչև տարեվերջ ամեն ինչ անելու են, որպեսզի հասցնեն բոլոր դիրքերի կահավորումը և իրականացնեն ինժեներական աշխատանքները։
«Մեկ տարուց ավելի կահավորվում է, անընդհատ գործընթաց է, տեսանյութ էլ կա, թե ինչպիսի հրաշալի մոդուլային տնակներ ենք կառուցել ու տեղադրել։ Դրա համար դա գերառաջնային խնդիր է, և դրա համար ՊՆ-ն ու առհասարակ պետությունն անում է ամեն ինչ այս վիճակը շտկելու համար»,- եզրափակեց նա։