Բաժիններ՝

Իսրայելը պլանավորել է այս տարի մեծացնել զենքի արտահանման ծավալն Ադրբեջան

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Իսրայելը պլանավորել է ավելացնել զենքի ու սպառազինության արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում նաև Ադրբեջան:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանին. «2013 թվականին Իսրայելը հավանաբար մեծացնելու է սպառազինության վաճառքն այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը, Բրազիլիան, Վիետնամը և Լեհաստանը»:

Իսրայելի ՊՆ-ի հաղորդմամբ՝ 2012 թվականին սպառազինության արտահանման ծավալը հասել է 7 միլիարդ դոլարի, ինչը 20 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի հետ: Իսրայելական արտադրության պաշտպանական նշանակության սպառազինության արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Եվրոպայի երկրներին, ապա գալիս են Հարավ-Արևելյան Ասիայի ու Լատինական Ամերիկայի երկրները:

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:

Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է:

Ի դեպ, տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի (սառցալեռ), և որ սովորական աչքերի համար տեսանելի է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն 1/10 մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս