48 ժամն էլ չօգնեց. անվճարունակ թեկնածուները դուրս մնացին ընտրապայքարից

«Այն թեկնածուները, որոնց տրամադրվել էր 48 ժամ ժամանակ, բացառությամբ Արամ Հարությունյանի, չեն ներկայացրել ընտրագրավի  վճարման անդորրագրեր»,-168.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի նիստում 48 ժամ հավելյալ ժամանակ էր տրամադրել  այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ նախագահի թեկնածու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես, ընտրագրավի վճարման անդորրագիրը չէին ներկայացրել: Այսօր ժամը 14:00-ին վերջանաժամկետը լրացավ:

ԿԸՀ մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ընտրագրավը չվճարածներից միայն Մհեր Հայրապետյանն իրավունք ունի մինչև 15:00 ներկայացնել ընտագրավի վճարման անդորրագիրը, քանի որ նա ԿԸՀ-ի՝ հունվարի 8-ի նիստի ընթացքում է  դիմում ներկայացրել, որը հենց նիստի ընթացքում էլ քննարկվեց: «Մհեր Հայրապետյանին տրված 48 ժամը լրանում է այսօր 15:00-ին»,-նշեց Հերմինե Հարությունյանը:

Փաստորեն, ընտրապայքարից դուրս մնացին հետևյալ թեկնածուները՝ Պավլիկ Սարգսյանը, Ռուբեն Այվազյանը, Նարինե Մկրտչյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Տարոն Աբրահամյանը և Ռոբերտ Ահարոնյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս