Բաժիններ՝

«Հանրապետությունում մարդու օրգանների վաճառքի մաֆիա գոյություն ունի»

5 անգամ վիրահատության ենթարկված կնոջ ամուսինը ենթադրում է, որ Հայաստանում մարդու օրգանների վաճառք կա: Այս մասին քաղաքացի Նունե Մաղաքյանի ամուսին Կարո Կարապետյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ըստ նրա`2009-ի փետրվարին «Նաիրի» բժշկական կենտրոնում իրենց համաձայնությամբ հեռացրել են Նունե Մաղաքյանի երիկամը. ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի`վիրահատությունից հետո հանված երիկամը պետք է վերադարձվեր ամուսիններին: Կարո Կարապետյանի խոսքով`երիկամն ուղարկվել է փորձաքննության, ինչից հետո իրենց չի վերադարձվել: Սրանից ելնելով`Կարո Կարապետյանը կարծում է, որ իր կնոջ հեռացված երիկամը վաճառվել է:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի կողմից ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության: Նունե Մաղաքյանի ամուսինը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու հեռացրել է կնոջ արգանդն՝ իր հավելումներով: Բացի այդ, ըստ Կարո Կարապետյանի, ավարտելով վիրահատությունը` Օկոևը թույլ է տվել բժշկական կոպիտ սխալ՝ վիրահատելուց հետո կարելով  հիվանդի ձախ միզածորանը:  Դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է: Հետագայում նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:  Այնուհետև Նունե Մաղաքյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ  ենթարկվել է ևս երեք վիրահատության: Այդ վիրահատություններից մեկն էլ երիկամի հեռացման վիրահատությունն է եղել:

Նունե  Մաղաքյանի ամուսնու խոսքով` «Նաիրի» բժշկական կենտրոնում կնոջը վիրահատել են բժիշկներ Ժասմին Անդրանիկովնան, Արմեն Ադամյանը, Արմեն Մուրադյանը: Բժիշկների ասիստենտների անունները Կարո Կարապետյանը դժվարացավ հիշել:

«Երիկամն ինձ պետք էր, որպեսզի ես համոզվեմ`այս չորս անհաջող վիրահատությունները կատարվել էին երիկամի սեփականաշնորհման համար, թե դա պատահականություն էր: Ես համոզվեցի, որ դա դիտավորյալ է եղել»,- ասում է Կարո Կարապետյանը: Նա նաև նշում է, որ «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական և «Նաիրի» բժշկական կենտրոններն այս հարցում համագործակցել են.  «Ես գալիս եմ եզրակացության, որ հանրապետությունում մարդու օրգանների վաճառքի մաֆիա գոյություն ունի մեր փաստով Օկոևի գլխավորությամբ, և այդ ամենը հանրապետության իրավապահ մարմինները գիտեն, իրենց լռությամբ, այսպես ասած, դառնում են իրենց կոալիցիոն գործընկերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս