Քաղաքացիական օդանավերի ոչնչացումն աղետալի հետևանքներ կունենա Բաքվի միջազգային դիրքերի համար. EurasiaNet
EurasiaNet-ում հրապարակվել է Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը վերստին սպառնում է Ղարաբաղյան թռիչքներին» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Երբ Ադրբեջանը 2011 թվականին սպառնաց հարվածել ոչ վաղ անցյալում վերակառուցված Լեռնային Ղարաբաղի (Ստեփանակերտի) օդանավակայանի թռիչքներին, նա անմիջապես ստացավ միջազգային քննադատությունների իր բաժինը և ստիպված եղավ հետ նահանջել: Այժմ՝ երկար ձգձգումից հետո, երբ մոտեցել է այդ օդանավակայանի բացումը, Ադրբեջանը վերստին սկսել է սպառնալ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ու ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չէր նշվել, հայտարարել էր. «Ադրբեջանը վերահսկում է իր օդային տիրույթը, այդ թվում նաև «օկուպացված» տարաքծները:
Մենք վերահսկում ենք հայերի կողմից Ղարաբաղի երկնքում անօդաչու թռչող սարքերի թռիչքները և ամեն դեպքում կանխելու ենք արգելված գոտում հայերի կողմից քաղաքացիական թռիչքները: Դա կարող է արվել ամեն տիպի միջոցներով, ինչի մասին տեղյակ է հակառակորդը»:
Այս անանուն պաշտոնյայի տոնն առավել զուսպ է, քան նախորդ անգամ, երբ գործածության մեջ էին դրվել այնպիսի բառեր, ինչպիսիք են «կործանել» և «հարվածել»: Հավանաբար ավելի կարևորն այն է, որ դա չէր արվել հրապարակավ և հետևաբար չէր հանգեցրել միջազգային համապատասխան արձագանքի: Սակայն ուղերձը նույնն էր:
Այդ սպառնալիքը ցայժմ մնում է ունայն՝ թեև Բաքվում ԱՄՆ դեսպանը (Ռիչարդ Մորնինգսթար) վերջերս հայտարարեց, որ օդանավակայանի բացումը չի լինի «օգտակար»: Քաղաքացիական թռիչքների ոչնչացումը աղետալի հետևանքներ կունենա Բաքվի միջազգային դիրքերի համար և Հայաստանին ահաբեկելու փորձերը չեն ունենա այնպիսի ծանրակշիռ հետևանքներ, ինչպիսին որ կարող է լինել Ադրբեջանի վերածումը միջազգային արտաքսված երկրի: Այնպես որ պարզ չէ, թե այդօրինակ քողարկված սպառնալիքների միջոցով ինչին են ձգտում հասնել նրանք»: