«Մեր հույսը նախևառաջ ժողովուրդն է, իր աչքերը պետք է բացի». Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որտեղ նա «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար պահանջել էր հայկական կողմից կոնկրետ ժամկետներ նշել:
«Գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունը իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում: Հարցն այն է, որ մեր ներկայացրած հայտարարությունը պետք է օգտագործվեր և Ալիևին պատասխանեին, նաև հստակ համահայկական ուժի համախմբմանն ուղղված գործողություն պետք է կատարվեր: Մեր ներկայացրած հայտարարության տեքստն այսօր դրվելու է շրջանառության մեջ և, ինչպես ասել էինք, դեկտեմբերի 14-ին հրավիրելու ենք արտահերթ նիստ: Հիմա սա կքննարկենք նաև մեր մյուս գործընկերների հետ՝ առավել հարմար ժամի ու օրվա հետ կապված, բայց առաջիկայում դա լինելու է: Այդ նախագծում շատ հստակ պահանջ կա՝ պահանջում ենք գործադիր իշխանությունից, որպեսզի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, մեր անկախության հռչակագրով ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը, կդատապարտվի Արցախի տարածքների օկուպացիան»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա, այսօր իրենք գործ ունեն մի իշխանության հետ, որը թշնամուց վախեցած իշխանություն է, հետևաբար՝ անիմաստ է նրանից սպասել, որ հերոսություն կարող է գործել:
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր որևէ մեկը չգիտի «միջանցքի» սահմանումը:
«Հիմա մենք էլ մեր պահանջն ենք դնում, ասում են՝ բացատրեք, թե որն է ճանապարհի ու «միջանցքի» տարբերությունը: Իրավաբանական ու տնտեսագիտական կատեգորիաներում չկա այդպիսի տարանջատում, գոյություն ունի ճանապարհ կամ հաղորդակցության ուղիներ արտահայտություն, որը կարող է լինել 1 կամ 10 ճանապարհ: Մենք կանգնել ենք բախտորոշ իրավիճակի առջև, երբ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հստակ, որ իրենք էլ հայտարարեն, որ չի կարող լինել այնպիսի համաձայնություն, որը կարող է խախտել ՀՀ ինքնիշխանության ամբողջականությանը: Մեր հույսը նախևառաջ ժողովուրդն է, որն ի վերջո իր աչքերը պետք է բացի, հասկանա, որ սա ոչ թե իշխանության, այլ հայրենիք ունենալու կռիվ է»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում