ԱԺ–ն մերժեց ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը
ԱԺ–ն մերժել է «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են։
«Ակնհայտ է` իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի: Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի, իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Սեյրան Օհանյանի խոսքով` պայմանավորվածությունների մասին տեղեկանում ենք կատարված փաստերից հետո:
«Նորություն չէ, որ պարտությունից հետո հաղթած կողմը պարտված կողմի թե անձերի, թե իշխանության վրա արտաքին ճնշումները սաստկացնում է: Սա է բերում անվստահության: Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն. սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին»,- ասաց Պաշտպանության նախկին նախարարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ նշեց, թե հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության նախագիծն ու դրան տվել բացասական եզրակացություն:
Նա հայտարարեց, թե սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել:
«Հայաստանն ունի ինքնիշխան տարածք, և այն պետք է պաշտպանվի, այդ թվում` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ»,- ասաց Կարապետյանը: