Թալիբները հրամանագիր են ստորագրել կանանց իրավունքների մասին
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունն ստորագրել է հրամանագիր, որը վերաբերում է կանանց իրավունքներին: Փաստաթուղթը դեկտեմբեին 3-ին տարածել է թալիբների ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր էջում։
Ինչպես հետեւում է հրամանագրից, որն ստորագրել է «Թալիբանի» գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադան, կնոջը չի կարելի հարկադրել ամուսնության, նա չի կարող լինել տղամարդկանց միջեւ «զինադադարի կամ թշնամության դադարեցման (առարկա)»: Այնտեղ նաեւ ասված է, որ ամուսնու մահվան դեպքում այրին իրավունք ունի ժառանգելու նրա ունեցվածքի մի մասը, կարող է ինքնուրույն որոշել իր հետագա ճակատագիրը եւ, մասնավորապես, կրկին ամուսնանալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: