Մի ժամ ա` բացատրում եմ, որ բռնություն չի լինելու, էլ ի՞նչ ասեմ

168.am-ը Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե որպես մարզպետ` ի՞նչ միջոցառումներ են իրականացնելու Սյունիքում՝ նախագահական ընտրություններին ընդառաջ

– Կազմակերպչական միջոցառումներ ենք կազմակերպելու, որ բոլոր համայնքներում ընտրություններն անցնեն բարձր մակարդակով, թափանցիկ, արդար, ազնիվ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր պահանջներին համապատասխան:

– Իսկ ի՞նչ է ներառվում Ձեր նշած կազմակերպչական միջոցառումների մեջ: Ի՞նչ նկատի ունեք՝ «կազմակերպչական միջոցառում» ասելով, և որքա՞ն է Ձեր մասնակցությունը դրանում:

– Իմ մասնակցությունը կազմակերպչական խնդիրների լուծումն է` տարածքների ապահովումը, որպեսզի արգելված տարածքներում իրավունք չունենան շտաբներ դնել, քարոզչություն անել: Մի խոսքով` բոլոր-բոլոր խնդիրներին հետևելու ենք, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի  սահմաններում:

– Իսկ լինելո՞ւ են հրահանգներ Ձեր կողմից:

– Իմ  կողմից լինելու է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի:

– Իսկ Ձեր նշած ամեն ինչի մեջ ներառվո՞ւմ է բռնությունը, հարկադրանքը:

– Հասկացեք, ուզում եմ, որ միշտ  հասկանաք. Սյունիքում բռնություն չի կարող լինել, և դա հնարավոր չի: Սյունեցին էնքան մեծ ա, էնքան հզոր ա, որ նրա նկատմամբ բռնություն չեն կարող գործադրել: Տեսնում ես, չէ՞` մի քանի հազար տարի թուրքը փորձել է բռնություն գործադրել սյունեցու վրա, սյունեցին էդքան շատ պատժել ա թուրքերին:

– Այսինքն` Դուք հիմա բացառո՞ւմ եք, որ ինքներդ կարող եք բռնություն գործադրել կամ հարկադիր մեթոդներ կիրառել նախընտրական շրջանում:

– Դե, արդեն տեսնում ես, չէ՞, որ ձեզ հետ պրոստը հենց հնարավոր չի: Բա ես մի ժամ ա` բացատրում եմ, որ բռնություն չի լինելու: Էլ ի՞նչ ասեմ:

– Պարոն Խաչատրյան, նախկինում Սյունիքում ընտրակաշառք էր բաժանվում ընտրություններից առաջ: Նույնիսկ ասում են, որ ընտրակաշառք վերցնողների հստակ զանգված կա մարզում:

– Ոչ մի անգամ էլ Սյունիքում ընտրակաշառք չի բաժանվել: Բոլոր ժամանակներում էլ սյունեցիները գնացել են և ընտրել են իրենց խղճի մտոք:

– Իսկ ՀՀ գործող նախագահի մրցակից թեկնածու ո՞ւմ եք համարում:

– Ոչ մեկին:

– Օրինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն  ընտրվելու ի՞նչ հնարավորություններ կունենա Սյունիքի մարզում:

– Իրենից հարցրու, խի՞ ես ինձնից հարցնում: Ինքն իր հնարավորությունները շատ լավ գիտի: Ինքը գիտի, որ Սերժ Սարգսյանին մրցակից չի, և ոչ մեկը Սերժ Սարգսյանին մրցակից չէ:

– Այդ դեպքում տոկոսային հարաբերությամբ , այսպես ասած` ինչքա՞ն ձայն կստանա ՀՀԿ թեկնածու, գործող նախագահը: Ըստ Ձեզ` ինչքա՞ն է կազմում  ենթադրելի տոկոսը:

– Ինչ որ ենթադրելի է ինձ համար, դա ինձ համար է ենթադրելի: Քեզ խի՞ ասեմ: Չեմ ասում, օրը կգա, բարին էլ՝ հետը, ու կլսես, որ Սյունիքում ինչպիսին են մասնակցությունն ու արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս