Լյուդմիլա Սարգսյանը՝ Սոս Գիմիշյանին. «ՀԱԿ-ում երբեք նման պրակտիկա չի կիրառվել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ քաղխորհրդի հայտնի նիստին, որտեղ որոշվել է չմասնակցել  առաջիկա նախագահական ընտրություններին ու չսատարել որևէ թեկնածուի, բացակայել են միայն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Հիշեցնենք, որ երեկ 168.am-ին տված հարցազրույցում Սոս Գիմիշյանը հայտարարել էր, թե ընտրություններին չմասնակցելու մասին որոշումն ընդունվել է ՀԱԿ-ին մաս կազվող ընդամենը հինգ-վեց կուսակցությունների կողմից, ուստի այն ՀԱԿ-ի որոշում համարվել չի կարող:

Լյուդմիլա Սարգսյանը՝ հակադարձելով Ս. Գիմիշյանին, նշեց, որ բացառությամբ Ս. Գիմիշյանի ու Հ. Բագրատյանի, նիստին ներկա են եղել Կոնգրեսին մաս կազմող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:

«Մեզ մոտ որոշումները կայացվում են մասնակից անդամների կոնսենսուսի պարագայում: Բոլոր ներկաների հետ որոշումը համաձայնեցված է եղել: Այստեղ ես ոչ մի խախտում չեմ տեսնում, մանավանդ, երբ Սոս Գիմիշյանը կարծում եմ, տեղյակ է եղել նիստի մասին, ու կարող էր ներկա գտնվել: Ասեմ ավելին՝ որքան գիտեմ, Սոս Գիմիշյանի տեսակետը արտահայտել է Պետրոս Մակեյանի ներկայացուցիչը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահը, որը նրա անունից համաձայնության է արժանացրել որոշումը»,- նշեց Լ. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Սոս Գիմիշյանը մեզ հետ զրույցում նաև ասել էր, թե որևէ որոշում ընդունելու առաջ ՀԱԿ-ի նիստերից բացակա ներկայացուցիչներին պետք է հարցումներ ուղարկվեին, ինչն այդ դեպքում չի արվել: Հարցին, թե ինչո՞ւ նիստին բացակա ներկայացուցիչներին հարցումներ չեն ուղարկվել, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ում երբեք նման պրակտիկա չի կիրառվել:

Տեսանյութեր

Լրահոս