«Փաշինյանի առաջարկը խայտառակ վտանգավոր է. կատաստրոֆիկ հետևանքներ կարող են լինել». Հարություն Մնացականյան

Կառավարության նիստում Փաշինյանի առաջարկով որոշում ընդունվեց իրականացնել մի ծրագիր, որով գյուղացիներին առաջարկվում է տնամերձներից, այգիներից կտրել բոլոր նախկին ծառերը, դրանք հաստատ սերտիֆիկացված չեն: Փոխարենը՝ կառավարությունը գյուղացիներին խոստանում է սերտիֆիկացված տնկիներ:

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ կառավարությունում լսել են՝ հարսանիք է, չգիտեն՝ որտեղ:

«Տնկարանային տնտեսությունների մասին բազմիցս խոսել եմ, լսել են, որ պետք է սերտիֆիկացված լինի, բայց չգիտեն՝ ինչպես անել: Պարոն Փաշինյանի առաջարկը խայտառակ վտանգավոր է, դա շատ լուրջ վնաս կարող է հասցնել մեր ավանդական գյուղատնտեսությանը: Մենք այսօր ունենք մոտ 80 տեսակի ծիրանի սորտեր, որոնց մասին ոչ ոք չգիտի: Որոշ գյուղերում ավանդական, հնուց մնացած 50-60 տարեկան ծառերը հիանալի նախադրյալ կարող են դառնալ հետագայում աշխատող սելեկցիոն կայանների համար: Եթե մենք սելեկցիոն կայաններ չունենանք, տեղանքին հարմարված մշակաբույսեր չկարողանանք սելեկցիայով աճեցնել, մենք դատապարտված ենք ձախողման: Պատկերացրեք, եթե պարոն Փաշինյանի առաջարկին գյուղացիները հետևեն և կտրեն իրենց ծառերը. ամբողջ այն հիմնաքարային վիճակը որ կա, որ հնարավոր է՝ մենք տեղական լավ սորտեր ստանանք, ամբողջ աշխարհում արտահանում անենք, կտրեն-թափեն, վերջ, մենք կորցնում ենք ամեն ինչ: Նույնը՝ խաղողի մասով: Պարոն Փաշինյանն ասում է՝ կտրել, արմատախիլ անել, դա խայտառակություն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարություն Մնացականյանը նկատեց՝ ի՞նչն են սերտիֆիկացնելու, երբ նորմալ լաբորատորիաներ չկան, լաբորատոր անալիզներ չեն կարողանում անել. «Եթե Հայաստանում գտնեք մեկ լաբորատորիա, որ գոնե կարողանա որոշել ցանկացած տնկու տարիք, ինձ ամոթանք տվեք: Չկա՛: Անգամ տնկու տարիք չեն կարողանում որոշել, էդ ո՞նց են սերտիֆիկացնելու, ի՞նչ պարամետրերով: Տեսել ենք սերտիֆիկացված տնկիներ, ուզո՞ւմ եք՝ մի քանի օրինակ տանել ցույց տալ, որ սերտիֆիկացված տնկի վաճառող ընկերությունից գնել են այդ տնկիները, տարել են՝ տնկել են, այգեհիմնման աշխատանքներ են կատարել, 7500 նշենիներից կանաչել է 24 հատը, մնացածը ամբողջապես չորացել է»:

Նա ընդգծեց՝ եթե կառավարությունը հողի զոնավորում չի կատարել և չգիտի՝ որ տեղանքում ինչ ծառատեսակ է աճում, գյուղացիներին ինչպե՞ս է ուղղորդելու. «Արտասահմանից չհասկանալով բերել, գյուղացիներին տալ տնկին՝ առանց փորձարկումների, և ասել՝ տնկիր, որովհետև սա սերտիֆիկացված է, դա նորմա՞լ է: Հասկանո՞ւմ եք՝ այս որոշումը ինչ կատաստրոֆիկ հետևանքների կարող է հանգեցնել: Ես հազար անգամ ասել եմ՝ պետք է տնկարանային տնտեսությունը սերտիֆիկացնել, պետք է վերահսկողություն սահմանել, որ գյուղացիները չտուժեն, որովհետև այդ ծառերը մի քանի տարի հետո են բերքատվության մեջ մտնում, բայց այսպես չհասկանալով դա անել, ուղղակի ծիծաղելի է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս