«Ժամանակը ոչինչ մոռացնել չի տալու, այն ավելի է խստացնելու ձեր պատիժը». Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին

Այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ, նախաձեռնության համահիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմում զոհված Նարեկի մոր խոսքերը, երբ երազին որդին եկել է ու մորն ասել, թե այդ ամենն իր ընտրությունն է։

«Նման տեսիլքներ ու երազներ շատ մայրեր ու հայրեր են ունեցել։ Մենք պետք է արժանի լինենք մեր տղերքին, իրենց հերոսական պահվածքը գոնե մենք մի փոքր վերցնենք և մեր գործով ու քայլերով արժանի լինենք նրանց»,- նշեց հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը՝ դիմելով պատերազմում զոհված տղաների ծնողներին, որոնք ներկա էին քննարկմանը։

Ըստ նրա, շատ քաղաքացիներ շատ են հարցնում, թե հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, քանի որ ՀՀ ներկայիս վարչախումբն անընդհատ ասում է, թե պատերազմից խուսափել հնարավոր չէր։

Գեղամ Նազարյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի տեղի ունենա հայկական Նյուրնբերգ, ինչն անհրաժեշտ է հետագա սերունդների և պետության համար, որպեսզի բոլորի ողնաշարն ուղղվի։

Նա օրինակներով նշեց, թե ինչպես է ՀՀ ներկայիս իշխանությունը պատերազմ բերել երկրին։

«2018 թվականին նա հայտարարեց, թե Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի մաս, և  այդ հայտարարությունից երեք ամիս անց ժողովրդին խոստացավ, թե՝ ձեզանից թաքուն թուղթ չեմ ստորագրի, որից օրեր անց Ալիևի հետ Դուշանբեում հայտնվեց վերելակում, իսկ ինչպես հիշում եք, վերելակում ժողովուրդ չկար։ Այնուհետև Ալիևի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին շփման գծի վերաբերյալ, որից հետո Ադրբեջանը ինժեներական ակտիվ աշխատանքներ սկսեց, տեղ-տեղ անգամ դիրքերն առաջ բերելով, ես այս ամենը իմ աչքով տեսել եմ իմ պապական Կիրանց գյուղի մատույցներում, որտեղ գտնվում են նաև ադրբեջանական դիրքեր։ 2018 թվականից առաջ մեր տղերքը թույլ չէին տալիս, որպեսզի այնտեղ մեքենա անցնի,  ուր մնաց՝ շինաշխատանքներ իրականացնեն»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ամենից հետո հայտարարեց, որ Արցախի հարցի լուծումն ընդունելի պետք է լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, որը ծիծաղ էր առաջացրել բոլորի մոտ, սակայն որևէ մեկը չգիտակցեց, թե այդ հայտարարությունը հետո ինչ ողբերգության է բերելու։

«2019 թվականի մարտի 30-ին Ալիևը հայտարարեց, թե շատ գոհ է բանակցությունների ձևաչափից ու առաջխաղացումից, հասկանո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում, որ Ալիևը չէր թաքցնում իր գոհունակությունը։ Դրանից չորս օր անց, չասեմ՝ ում կողմից, բոլորդ էլ գիտեք, հայտարարվեց, թե մեր տղերքը՝ սկսած Արցախի առաջին պատերազմից, զոհվել են հանուն ոչնչի, դա հրեշային հայտարարություն էր իրականում։ Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսել է իր սեփական կետից, ու սկսեց գովերգել Ալիևի «կառուցողականությունը», թե Ալիևը կառուցողական է, 2019 թվականի օգոստոսին էլ հնչեցրեց պատերազմի դռները բացող հայտարարություն, չորս ամիս անց Մեհիբանին հրավիրեցին Շուշի մուղամ լսելու։ Ժամանակը ոչինչ մոռացնել չի տալու, այն ավելի է խստացնելու ձեր պատիժը»,- ընդգծեց Գ․ Նազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս